Սիրիան որոշել է ԱՄՆ-ին առաջարկել ուկրաինականին նման ռեսուրսային գործարք
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հույս ունի բարելավելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ RBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Reuters-ը։ The Times-ն էլ գրում է, որ նրանց հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ Թրամփի Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։
The Times-ը գրում է, որ Բաշար Ասադի նախագահության օրոք սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու համար Սիրիայի նոր առաջնորդը պատրաստ է գնալ մի շարք զիջումների։ Նա կարող է Թրամփին առաջարկել համաձայնագիր կնքել ամերիկյան ընկերություններին Սիրիայում բնական ռեսուրսներ շահագործելու՝ ուկրաինական գործարքի նման։
Թերթի աղբյուրները պնդում են, որ ալ-Շարաան կարող է առաջարկել բանակցություններ վարել Աբրահամի համաձայնագրին Սիրիայի միանալու վերաբերյալ, որը խաղաղություն է հաստատել Իսրայելի և ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի միջև։ The Times-ի աղբյուրները պնդում են, որ սիրիացի առաջնորդը պատրաստ է նաև համաձայնել Իսրայելի ներկայությանը Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Գոլանի բարձունքների շրջանում։
Reuters-ը գրում է նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագիր կնքելու Սիրիայի նախագահի ծրագրերի մասին, այդ թվում՝ սիրիական հումք ամերիկյան հասանելիության վերաբերյալ։ «Ալ-Շարաան ցանկանում է գործարք կնքել իր երկրի ապագայի համար: Նա ինձ ասաց, որ ցանկանում է Դամասկոսում Trump Tower կառուցել: «Նա ցանկանում է խաղաղություն իր հարևանների հետ»,-գործակալությանը ասել է ամերիկացի գործարար Ջոնաթան Բասը, ով ապրիլի 30-ին հանդիպել է ժամանակավոր նախագահի հետ:
