Հնդիկները հայհոյանքներ են տվել երևանյան հայերենով
Թվում էր, թե մայրաքաղաքի սրտում՝ ուղիղ ԱԱԾ-ի շենքի դիմաց գտնվող «Սթար» բար-սրճարանում հնդիկների մասնակցությամբ ծեծկռտուքն ու կրակոցները հերթական քսենոֆոբիկ հայտարարությունների համար պարարտ հող կդառնան, բայց դրանք այս անգամ վտարելու կոչերի տեղիք չտվեցին, ինչպես ամիսներ առաջ change.Org կայքում էին հնդիկների մուտքն արգելելու կոչեր հնչում։ Փոխարենը, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ՝ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որեւէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու հարցում։ Արդյոք սա պայմանավորվա՞ծ է վերջին դեպքով: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան հայտնեց․ «Որոշման նպատակն է՝ ապահովել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ միգրացիոն հոսքերի, ինչպես նաեւ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ՀՀ տարածքում կացությանը վերաբերող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը»։
Նշենք նաեւ, որ գոյություն ունի կառավարության որոշում, որը վերաբերում է հնդիկներին եւ իրաքցիներին։ Ըստ այդմ՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով՝ Իրաքի քաղաքացիները եւ ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում՝ նաեւ առանց հրավերի։ ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքով են մերժում Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմողների մեկ երրորդին, ասել էր․ «ԱԱԾ-ից ստանում ենք բացասական եզրակացություն՝ մերժում ենք»։ Ուշագրավ է, որ սա արվում է հենց այն ժամանակ, երբ Հայաստանն ազատականացրել է իր աշխատաշուկան։ Ինչպես հայտնի է, 2018-ից ՀՀ-ում գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել։ Իհարկե՝ աշխատանքի թույլտվության հիման վրա։ ՊԵԿ լրատվականից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հայաստանում աշխատում է 4 հազար 584 օտարերկրացի։ Իսկ աշխատանքի թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չունեն նրանք, ովքեր ունեն ՀՀ մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ, ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները՝ որոշակի ժամկետով եւ հիմքերի առկայության դեպքում․ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք։
Թե նշված 5 հազարից քանիսն են հնդիկ, ՊԵԿ-ից չմանրամասնեցին, սակայն պարզ է, որ Հայաստանում ապրող հնդիկները հազիվ թե լինեն այդ գրանցված աշխատողների ցանկում։ Որպես կանոն, նրանք օրավարձով սեւագործ աշխատանքներ են կատարում․ ավտոմեքենա ու աման են լվանում, գարնան եւ ամռան ամիսներին բերք են հավաքում, հողագործական աշխատանքներ են կատարում՝ Հնդկաստանի չափանիշներով պատկառելի՝ ամսական 100 դոլարի դիմաց։ Այդ մասին նույնիսկ վարչապետն էր միջազգային ֆորումներից մեկում վերջերս խոսել։
Այն համատեքստում, որ Հայաստանում որոշ գործերի համար ստիպված են լինում դիմել հնդիկներին, որոնք ուրախությամբ համաձայնում են կատարել այդ աշխատանքները։ Սակայն որոշ հնդիկներ Հայաստանում հայտնվում են տեղական խարդախների ձեռքում։ Մասնավորապես, նրանց 4․5 հազար դոլարի դիմաց առաջարկվում է գալ «ԵՄ երկիր», այսինքն՝ Հայաստան։ Ավելին՝ Հայաստանում կա հնդիկների շահերի պաշտպանությամբ զբաղվող անձ՝ «Հայաստանում այս կամ այլ խնդիրների բախված հնդիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող» մի մարդ՝ Սեմ Սինգխ։
ՀԳ․ Երեկ այցելեցինք նաեւ «Սթար» բար-սրճարան, որտեղ տնօրեն Ալբերտն ու աշխատողները դեռ շարունակում էին քննարկել արտակարգ պատահարը։ Ալբերտը պատմում է, որ, դատելով հայոց լեզվին տիրապետելու աստիճանից, հնդիկներն առնվազն 5-6 տարի ապրելիս կլինեն Հայաստանում, քանի որ վարժ հայերեն էին խոսում եւ վարժ հայերենով հայհոյանքներ տալիս։
