Դրական դինամիկան նախ հասարակ քաղաքացին պետք է զգա իր մաշկի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7․1%:
«Եւ այսպես՝ այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%:
Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:
Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:
Այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- ասված է գրառման մեջ։ Առավել քան վստահ ենք, որ Հրանտ Բագրատյանի եւ մյուս լուրջ տնտեսագետների հերքումներն իրենց սպասեցնել չեն տա։ Եվ սա բնական է։ Առիթ ունեցել ենք բազմիցս գրելու, կգրենք նաեւ հիմա։ Նման տնտեսական վիճակագրական թվերը կմնան սոսկ թղթի վրա եւ դուրս չեն գա մասնագիտական բանավեճերի շրջանակից այնքան ժամանակ, քանի դեռ Հանրապետության վարչապետը նախ ամբողջական ցուցանիշներ չի հրապարակել, որովհետեւ վստահաբար գոնե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս թվերը բացելու է իր հայտարարություններում ու ասելու, թե որտեղ է «մուխլյոժը» եւ բացի այդ, նման թվերը անարդյունավետ օդում կրակած փամփուշտի էֆեկտ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ պարզ քաղաքացին այդ թվերի բարերար ազդեցությունը սեփական դրամապանակի հաստլիկանալու տեսքով չի զգացել իր մաշկի վրա։ Սա ամենակարեւորն է։ Որ պահից քաղաքացին սկսեց լավ ապրել, վաղվա օրվա հանդեպ հավատը վերականգնեց, այդ պահից նրան այլեւս չի հետաքրքրելու նման թվերը եւ սեփական փորձառության ուժով կրծքով պաշտպանելու է իշխանությանը վկայակոչելով այն, որ այժմ իր սառնարանն ավելի լիքն է, հացի հարցը լուծված, ապրուստ ունի, երեխաների ապագան էլ՝ ավելի հուսալի ու տեսանելի։ Թե չէ նման թվերը հինգ րոպեի խնդում են ու ոչ ավելի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )