Մոսկվայի դերը Երեւանի համար դառնում է ավելի կարեւոր
Նիկոլ Փաշինյանը հիմա առավել քան երբեւէ պետք է զգոն ու բալանսավորված քաղաքականություն վարի ռուսների հետ, քանի որ իր երկու հարեւանների մոտ՝ Իրանում եւ Վրաստանում անհանգիստ դրություն է, ու եթե վիճակը դուրս գա վերահսկելիությունից, հնարավոր է երկու երկրներում էլ ցնցումներ սկսվեն, ինչը կարող է Հայաստանը լրիվությամբ դնել մեկուսացման մեջ։ Իսկ այդ դեպքում ռուսական աջակցությունը մեզ համար կդառնա կենսական կարեւորություն։ Միացյալ Նահանգները ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Իրանում ստեղծված վիճակը զարգացնի ու բերի իշխանափոխության։ Քառասնամյա պայքարը ԱՄՆ եւ այաթոլլաների իշխանության միջեւ կարծես թե նոր սրացման է գնալու։ Վրաստանում էլ վիճակը բարվոք չէ։ Իշխանությունը չի գնում լրիվ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու օրենսդրական փոփոխություններին։ Արեւմուտքը հիասթափված է, սակայն կարծես թե տեղում այլ կերպ են հարցին նայում ու ամեն բան կապում են Սահակաշվիլու ռեւանշիստական նկրտումների հետ։ Եթե իրավիճակը իրոք դառնա կատաստրոֆիկ, Երեւանը կարող է թերեւս միայն հուսալ, որ արտաքին աշխարհի հետ կապ հնարավոր կլինի իրականացնել ռուսական երաշխավորությամբ Թուրքիայի վրայով, թեկուզ զուտ մարդասիրական իրավունքի պահանջներից ելնելով։ Իսկ սա ունենալու համար հատկապես պետք է լավ հարաբերություններ Մոսկվայի հետ։

