SARS-CoV-2-ն ունի ֆերմենտ, որը ճնշում է գործադրում իմունային պաշտպանության վրա
Ճապոնիայի Կոբեի համալսարանի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ով վարակվածությունը պայմանավորված է այն ֆերմենտի առկայությամբ, որը ճնշում է օրգանիզմի բնական բջջային պաշտպանությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Virology-ում (JV)։
Հետազոտողները նշել են, որ SARS-CoV-2-ն ավելի վտանգավոր է իր նախորդներից՝ SARS եւ MERS վիրուսներից։ Գիտնականների խոսքով՝ նոր կորոնավիրուսի ֆերմենտը կարող է ոչնչացնել ISG15 մոլեկուլյար նշումը, որն օգտագործում է իմունային համակարգը վիրուսներից պաշտպանության համար։
Գիտնականները նշել են, որ այդ նշումը խանգարում է վիրուսի նուկլեոկապսիդի սպիտակուցի՝ գենոմի հավաքմանը սպիտակուցային թաղանթում։ Նուկլեոկապսիդը անհրաժեշտ է վիրուսի բազմացման եւ տիրոջ զգայուն բջիջ ներթափանցելու համար։ SARS-CoV-2-ի հատուկ ֆերմենտը արդյունավետորեն հեռացնում է ISG15 նշումը՝ վիրուսին թույլ տալով շարունակել իր ակտիվությունը։
Վիրուսաբան Շոջի Իկուոյի խոսքով, որը ղեկավարում է հետազոտությունը, նոր կորոնավիրուսի ֆերմենտը բացատրում է դրա բարձր վարակելիությունը։ Այս բացահայտումը կարող է նպաստել նոր դեղերի ստեղծմանը, որոնք կարգելակեն ֆերմենտը կամ նրա ազդեցությունը նուկլեոկապսիդի սպիտակուցի վրա, ինչը բուժումն ավելի արդյունավետ կդարձնի։
