Երբ չկային սոցիալական ցանցերը, մարդկային հարաբերությունների արժեհամակարգը ավելի ազնիվ էր գործում:

Երբ չկային սոցիալական ցանցերը, մարդկային հարաբերությունների արժեհամակարգը ավելի ազնիվ էր գործում: Դու սգում էիր հարազատիդ վիշտը իր կողքին, մասնակցում բոլոր արարողություններին՝ իրեն քաջալերելու համար, վերջում էլ, անկախ նրանից, որ քո հարցին նա կտար «սաղ արած է, ախպերս» պատասխանը, ինչ-որ գումարի չափ էիր փոխանցում նրա մտերիմին: Դու հիշում էիր քո բոլոր սիրելի մարդկանց ծննդյան ամսաթվերը, իսկ որոշ մոռացկոտներ դա անում էին հատուկ օրագրի մեջ նշում անելով: Երբ դժբախտություն էր լինում այլ տեղ, երկրի մաշտաբով ուղերձ էր հղվում ու օգնություն առաջարկվում և այլն:
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Ծննդյան օրերը հիշում են միայն եթե ֆեյսբուքն է հիշեցնում, չհիշելու դեպքում էլ ասում՝ «դե դու փակել ես քո ծննդյան օրը ՖԲ-ում…», իսկ հարազատի սգո արարողություններին մարդիկ աշխատում են մասնակցել ըստ հնարավորության, որովհետև «ախպերս, դե գիտես, խառը տասովկեկի մեջ ենք», իսկ իրադարձային սրտացավությունը արտահայտում են լոկ պրոֆիլի նկար փոխելով: Ու շատ կարևոր է, որ դու լինես առաջիններից մեկը, ով 24 ժամով իր էջի պրոֆիլի նկարը կփոխի այնպիսի թեմայի վերաբերող պատկերով, որը ակտուալ է: Ուրեմն դու ԱՌԱՋԱԴԵՄ ես ու ՀՈՒՄԱՆԻՍՏ: Կապ չունի, տխուր, թե ուրախ:
Այդպես ամեն ապրիլի 2-ին պրոֆիլի նկարները փոխվում են հերոսների նկարներով, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի տարբեր տեսակներով, մայիսի 8-9 Շուշիի ու տապալված ռեյխսթագի, մայիսի 28-ին Սարդարապատի, հունիսի 1-ին փուչիկների, սեպտեմբերի 1-ին ծաղիկների ու պայուսակների, սեպտեմբերի 21-ին եռագույնի, դեկտեմբերի 7-ին մոմերի, դեկտեմբերի 31-ին տոնածառերի, հունվարի 6-ին նորածին Հիսուսի, հունվարի 28-ին բանակի զինանշանի նկարներով և այդպես շարունակ: Այդ ընթացքում առաջանում են նաև այլ առիթներ՝ Փարիզի Աստվածամոր տաճար, Քեսաբ, Ավետիսյանների սպանդ, ահաբեկչություն Ֆրանսիայում… Ու այս դժբախտ ու ողբերգական իրադարձությունների անվերջությանը «սոցիալական ցանցերի հանրապետության բնակիչները» արձագանքում են միահամուռ իրենց պրոֆիլի նկարները դարձնելով «այրվող տաճար, #saveKESAB, ֆրանսիայի դրոշ…»:
Հիմա հարց: Ձեզնից քա՞նիսն են ապրիլի 2-ից հետո ամբողջ տարվա ընթացքում գոնե մի քանի անգամ հետաքրքրվում, թե ի՞նչ խնդիրներ ունեն օրինակ ապրիլյան մարտական գործողությունների վիրավոր տղաները: Քա՞նիսն են ձեզնից տեղյակ, թե ի վերջո Քեսաբում հայ համայնքի կյանքը կարգավորվեց, թե ոչ: Ազնիվ եղեք ու պատասխանեք ինքներդ ձեզ, քա՞նիսն են ձեզնից դեկտեմբերի 7-ից հետո հետաքրքրվում՝ տնակներում քանի հարյուր ապրող ընտանիք մնաց ու ինչի պատճառով: Եթե ազնիվ եք ինքներդ ձեր հանդեպ, ապա կխոստովանեք, որ ձեզնից շատ քիչ, շաաաատ քիչ, ամոթի աստիճան քիչ մարդիկ են դա անում: Բայց պրոֆիլի նկար փոխում ենք բոլորս… Ու միանգամից դնում նկարի անհետացման 24 ժամյա կարգավորումը, որ ապրիլի 3-ին դարձյալ աշխարհին ժպտանք մեր «հոլիվուդյան ժպիտով», որովհետև «վինիռին» էդքան փող ենք տվել, բա մարդիկ չտեսնե՞ն մեր բերանի պարունակությունը…
«Սոցիալական ցանցերի հանրապետությունում» վիշտն ու ուրախությունը չափվում են 24 ժամ/նկար արագությամբ: Բողոքն ու հիացմունքը, ոգևորությունն ու սգալը, խրախուսանքն ու պայքարը, տոներն ու հիշատակի օրերը չափվում են 24 ժ/ն-ով:
Կարևորը թռենդի մեջ լինելն է: Չէ՞ որ «սոցիալական ցանցերի հանրապետությունում» դու կարող ես լինել քո երազած աղջիկը, կամ քո երազած տղեն, քո տենչած քաղաքական գործիչը, կամ քո հորինած ընդդիմադիրը, քո պատկերացրած ազատամիտը, կամ քո ստեղծած համախոհների բանակը /ֆեյքեր/: Կարևորը դիմանալ մի օր ու մի պրոֆիլի նկար: Իսկ թե ով ես դու իրական կյանքում ու ինչ արժես, դա լրիվ երկրորդական է: Դրսում քո արարքներին վատ քոմենթ ու ջղայն սմայլիկ դնող չկա: Դրսում քո չսիրած կյանքն է, որովհետև այնտեղ դու այն ես, ինչ կաս, իսկ «Սոցիալական ցանցերի հանրապետությունում» այն ես, ինչ ցույց է տալիս տվյալ պահին քո պրոֆիլի նկարը: Ուղիղ 24 ժամ:
