Ինչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հարցում

Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ դասադուլ եւ ստորագրահավաք։ Պատճառը Հայոց լեզու, Հայ գրականություն եւ Հայով պատմություն դիսցիպլինների հետ կապված բուհական կրթակարգում փոփոխություններ անելու քաղաքական կուրսն է, որի դեմ բողոքում են ուսանողները եւ նրանց միացած մի շարք դասախոսները։ Սպասվում է, որ յոթ հարյուր հոգու ստորագրություններով գրություն է փոխանցվելու պետության առաջին դեմքերին խնդրի առնչությամբ։ Օրվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ պարզաբանումներով, փորձելով եթե չոր գնահատենք, լիցքաթափել իրադրությունը եւ հայտարարեց, որ ամեն բարձրագույն ուսումնական հաստատություն իրավասու է ինքնուրույնաբար նշված դիսցիպլինների հետ կապված հարցերը կարգավորելու։ Հասկանալի է, որ կրթական ոլորտը համակարգող նախարարությունը ըստ էության փորձում է նահանջել։ Իհարկե պրոցեսները շարունակվելու են, որովհետեւ համահայկական նշանակություն ունեցող ՀՅԴ-ն էլ ձեռնամուխ է եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականին հասնելուն։ Արայիկ Հարությունյանը ժամանակին եղել է ՔՊ կուսակցության ղեկավարը, երբ դեռ կուսակցությունն առաջին քայլերն էր անում քաղաքական թատերաբեմին։ Նա Նիկոլ Փաշինյանի ամենից հավատարիմ կադրերից է, ով այժմ սուպերնախարարի կարգավիճակով է։ Դժվար է ասել, թե ինչի է ուզում հասնել Արայիկ Հարությունյանը, սակայն կարող ենք արձանագրել, որ ըստ էության նա հպվեց եւ բավական կոպիտ կերպով, ընդ որում, ժողովրդի ամենազգայուն նյարդերից մեկին՝ լեզվին, գրականությանը ու պատմությանը, այսինքն թե ՝ մշակույթին ու պատմական հիշողությանը, իսկ կոնկրետ, փորձեց ոտնձգություն իրականացնել ժողովրդի ազգային ինքնության դեմ։ Իր տեսակով սա համարժեք է Արցախի հարակից շրջանները հանձնելու մասին պաշտոնական հայտարարություն տարածելուն։ Հակազդեցությունը բնականաբար եղավ ու դեռ կլինի։ Սկիզբը դրվեց ուսանողության կողմից, իսկ ուսանողները, որքան գիտենք, ամենից աշխույժ եւ ստեղծարար ու նորարար շերտն է հանրության, որի վրա հիմնվում է ամեն պետություն ու հանրություն։ Նիկոլ Փաշինյանը փորձեց պաշտպանել Արայիկ Հարությունյանին, սակայն թերեւս ինքն էլ է հասկանում որ իր պաշտպանական կռվանները այս դեպքում չափազանց թույլ են։ Ընտրությունը թերեւս մեծ չէ․ փորձել լիցքաթափել իրադրությունը ինչ որ կերպ, զիջումներով, որպեսզի հանկարծ չստացվի, որ հակահայկականության պիտակով խարանվի գործող իշխանությունը, ինչը հատկապես Սփյուռքի հետ խոսելու հարցում կդժվարացնի իշխանությունների գործը, կամ էլ փորձել քաղաքավարի կերպով ասպարեզից հեռացնել, ստվեր տանել Արայիկ Հարությունյանին։ Հասկանալի է, որ եթե օրինակ ժողովուրդը բավական հանգիստ ընդունեց, գոնե այս օրերին դեռ, եկեղեցու պատմություն դպրոցական առարկայի՝ Հայոց պատմության հետ միավորման մասին հայտարարությունը, ապա լեզվի գրականության եւ պատմության հանդեպ վերաբերմունքը լրիվ այլ տեղ տարավ։ Սակայն չկա չարիք առանց բարիքի։ Արայիկ Հարությունյանի կարճմիտ քայլը ըստ էության ազդակ եղավ, որպեսզի ժողովրդի ամենից եռուն շերտի մոտ աչքերը բացվեն ու թոթափեն ոգեւորության ու էյֆորիայի մնացորդները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )