Որո՞նք են Բուքիքիոյի հայտարարության տողատակերը
Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հանդես է եկել Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությամբ, որին հաջորդեցին տարատեսակ մեկնաբանություններ։ Իսկ իրականում ինչի՞ մասին էր հայտարարությունը, ո՞ւմ էր ուղղված և ինչի՞ կարող է հանգեցնել այդ հայտարարության անարձագանք մնալը։
Նախ, խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակին մի քանի ամիս հետևելու մասին, հանձնաժողովը ակնարկել է, որ քաջատեղյակ է ՍԴ-ի դեմ արշավի բոլոր մանրամասներին, խնդրի լրջությանը և հետագայում ևս այդ խնդիրն ուշադրության կենտրոնում է պահելու։ Բացի այդ, շեշտադրելով իրադարձությունների տևական բնույթը, ակնարկ է արվում, որ հայտարարության հիմքում ընկած է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջ շղթան և հետագա զարգացումները պետք է դիտարկվեն հենց այդ շղթայի լույսի ներքո։ Այս առումով, ՍԴ-ի կամ նրա նախագահի դեմ հետագա որևէ գործողության ցանկացած «լեգիտիմ» նպատակ հետայսու պետք է անցնի, նախևառաջ, այս ամբողջ իրադարձությունների պրիզմայով և տա ներքոնշյալ հարցերի պատասխանները, չդիտարկվելու համար որպես քաղաքական հետապնդում կամ դատական իշխանության գործերին միջամտություն։
Մասնավորապես, ինչո՞ւ նախկինում ՍԴ-ի «ճգնաժամը» սկսվեց հենց հունիս ամսից։ Ինչո՞ւ ըստ վարչապետի՝ ընդհանուր դատական համակարգից չառանձնացող ՍԴ-ն ինչ-որ մի փուլում սկսեց առանձնանալ իր խնդիրներով, ինչո՞ւ մինչ ընտրվելը Վահե Գրիգորյանը չէր հիշում «ճգնաժամի» և ՍԴ-ի չլինելու մասին, ավելին, խոսում էր ՍԴ նախագահի հետ արդյունավետ աշխատանքի մասին։ Ինչո՞ւ քրեական հետապնդումներն սկսվեցին ԱԺ նախագծի տապալումից և ԱԺ նախագահի կողմից պլան «Բ-ի» մասին հիշատակումից հետո։ Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ որպես մյուս դատավորների սրբագրման և ՍԴ ճգնաժամի լուծման ճանապարհ, դիտարկեց ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշման կայացումը։ Երբ ճգնաժամը, ըստ իրենց, այլ տեղում էր, ինչո՞ւ են ճգնաժամի հիմքում ընկած պատճառները այդքան հեղհեղուկ և տարբեր՝ կախված կարծիք հայտնողի ճաշակից։ Ինչո՞ւ դատավորի վարքագիծը և դատարանի հեղինակությունը կարևորող ԱԺ-ին չի անհանգստացնում որևէ նիստի չմասնակցող դատավորի վարքագիծը, կամ ԱԺ ամբիոնից որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը, ավելին՝ խրախուսվում է։ Ինչո՞ւ նախկինների կողմից նշանակված լինելու հիմնավորումը չի կիրառվում նախկինների կողմից նշանակված այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ինչո՞ւ ՍԴ նախագահը կներվեր, եթե Վենետիկի հանձնաժողով չդիմեր և «տղա չբերեր» և այսպես շարունակ։
Հանձնաժողովը խոսել է նաև բաց կոնֆլիկտից մտահոգված լինելու մասին։ Միամտություն կլիներ բաց կոնֆլիկտի մասին ակնարկը դիտարկել որպես փակ կոնֆլիկտի խրախուսում կամ հանդուրժում։ Այս ձևակերպմամբ Հանձնաժողովը ակնարկել է Սահմանադրության և օրենքների բացահայտ կերպով ոտնահարման և այս առնչությամբ միջազգային հանրության կարծիքին և միջազգային պարտավորություններին անհաղորդ լինելու, դրանք բացահայտ կերպով արհամարհելու մասին։ Հանձնաժողովը նշել է նաև, որ «Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմություն: Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները: Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գրասենյակների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատություններինը»: Իզուր չէր հանձնաժողովը խոսում իր իրազեկվածության մասին։ Այստեղ հանձնաժողովը մի կողմից վերացրել է իշխանության հաղթաթուղթը համարվող այն հիմնավորումը, որ «բարձր լեգիտիմություն ունեցող» Ազգային ժողովին կարելի է ամեն ինչ, մյուս կողմից էլ «ժողովրդավարական լեգիտիմություն» տերմինը չօգտագործելով դատարանի դեպքում, շեշտադրել է, որ «հասարակական վստահություն, նախկին իշխանությունների կողմից նշանակած լինել, ժողովրդին չներկայացնել» արտահայտությունները չեն հանդիսանում դատական իշխանությանը բնորոշող կատեգորիաներ։ Այստեղ կարծիքն աներկբա է. անկախ լեգիտիմության բարձր մակարդակից և պատճառաբանություններից՝ անթույլատրելի է դատարանների գործերին միջամտելը և դատական իշխանության անկախությունը խաթարելը։ Ի դեպ, այս մասին ավելի բաց Հանձնաժողովի նախագահը խոսել է իր հարցազրույցում, նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է, կախվածության մեջ չէ քաղաքական շրջափուլերից, իսկ նախկին իշխանությունների կողմից նշանակվելը կարող է դիտարկվել, որ կաշկանդված չեն և ունեն ավելի մեծ անկախություն։
Ի դեպ, այս կարծիքը փաստորեն հերքեց ճգնաժամի հերթական պատճառը։ Իսկ ինչ վերաբերում է վերջաբանին, ապա շատ հաճախ դիվանագիտական հաղորդակցության նուրբ լեզուն կիրառող այս մարմինն այս դեպքում տվել է հստակ և խիստ գնահատականներ առկա իրավիճակի մասին, նշելով, որ ՀՀ-ում վտանգված են ժողովրդավարական մշակույթն և հասունությունը, պետական ինստիտուտների բնականոն գործառույթները, հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը: Կոչ է արվել ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և վերահաստատելու համար։ Եկեք փաստենք, որ ամեն օր չէ, որ նման կառույցը պետության վիճակն ախտորոշում է նման ծայրահեղ ձևակերպումներով, խոսելով ընդհուպ մինչև Սահմանադրության չգործելու և պետությանը սպառնացող իրական վտանգների մասին՝ կոչ անելով դադարեցնել այդ ամենը։
Խոսելով դատավորների և անդամների իրավահավասարության, անկախ քաղաքական վերադասավորումներից դատական համակարգի անփոփոխելիության, նախկին իշխանությունների կողմից նշանակված դատավորների անկախության ավելի բարձր հավանականություն, ինչպես նաև այս իրադարձությունների արդյունքում ՍԴ նախագահի դեմ ճնշումների և դատական իշխանության գործերին միջամտության մասին և՛ ուղղակիորեն, և՛ անուղղակիորեն հերքվեց ճգնաժամի առկայությունը և հաստատվեց դրա մտացածին լինելը։
Իսկ թե ո՞ւմ են ուղղված իրավիճակին քաջատեղյակ հանձնաժողովի այդ ձևակերպումներն ու կոչը, թերևս պարզ է դառնում բաց կոնֆլիկտ ձևակերպումից, տեքստի շեշտադրումներից, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի փոխլրացնող հարցազրույցից, այդ թվում՝ ՍԴ նախագահի կողմից բարդ փորձություններ հաղթահարելու, հարվածների և ճնշումների ներքո գտնվելու մասին (ի դեպ, նրա աչքից չէր վրիպել իրադարձությունների ժամանակագրությունը)։
Եվ վերջում, Հանձնաժողովի կողմից տրված կարծիքի խորհրդատվական բնույթի, այդ մարմնի անդամակցությունից կամավոր դուրս գալու հնարավորության մասին հիշատակողներին մնում է հիշեցնել, որ այդ մարմնի կարծիքին հետևում են շատ ավելի հզոր պետություններ, քան Հայաստանի Հանրապետությունն է, Եվրոպայի խորհրդի «սև ցուցակում» չհայտնվելու, եվրոպական ընտանիքից չմեկուսացվելու, ուստիև՝ տնտեսական, անվտանգային և այլ հարցերով աջակցությունից չզրկվելու համար: Չէ՞ որ Հանձնաժողովը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի մարմին, որի գնահատականները ուղենիշային կարող են լինել թվարկված հարցերում միջազգային պարտավորությունների կատարման և չկատարման հետևանքով սանկցիաների կիրառման տեսանկյունից։ Իսկ թե ինչքանո՞վ կարող են ժողովրդավարական մշակույթը և հասունությունը, պետական ինստիտուտների բնականոն գործառույթները, հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը վտանգելը հանդիսանալ միջազգային պարտավորությունների խախտում, հարցը, թերևս, հռետորական է …
