Grease մյուզիքլից հայտնի կաշվե բաճկոնն ու կիպ տաբատն աճուրդում վաճառվել են 405 700 դոլարով
Հոլիվուդյան դերասանուհի Օլիվիա Նյուտոն-Ջոնի՝ Grease մյուզիքլից հայտնի կաշվե բաճկոնն ու կիպ տաբատն աճուրդում վաճառվել են 405 700 դոլարով, գրում է BBC-ն:
Ֆիլմում Սանդիի դերում հանդես եկող Նյուտոն-Ջոնը բաճկոնն ու տաբատը կրել է 1978 թվականին նկարահանված մյուզիքլի վերջին դրվագում՝ Ջոն Տրավոլտայի հետ «You’re the One That I Want» երաժշտական կատարման ժամանակ:
Հաղորդվում է, որ բաճկոնի և տաբատի նախնական գինը 260 հազար դոլար է եղել:
Բևեռլի Հիլզում այս շաբաթ կայացած աճուրդին վաճառքի է հանվել նաև այն զգեստը, որով դերասանուհին ներկայացել է ֆիլմի պրեմիերային:
Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվել Օլիվիայի զգեստներից ավելի քան 500-ը, որոնցով նա նկարահանվել է տարբեր նախագծերում:
«Բոլոր զգեստները մեզ է փոխանցել դերասանուհին, որը դրանք պահել է այս բոլոր տարիների ընթացքում»,-պատմել է աճուրդի տան գործադիր տնօրեն Մարտին Նոլանը:
Աճուրդի ամբողջ հասույթը կազմել է 2,4 մլն դոլար, որի մի մասը փոխանցվել է դերասանուհու քաղցկեղի բուժման կենտրոնին: 70-ամյա դերասանուհին նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ: 2017 թվականին նրա մոտ հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ:
Օլիվիա Նյուտոն-Ջոնն օգոստոսին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ նախընտրում է չիմանալ, թե իրեն ապրելու որքան ժամանակ է մնացել:
«Եթե հավատաս այդ տվյալներին, դրանք ի կատար կածվեն: Եթե որևէ մեկը հայտնի, որ ձեզ վեց ամիս է մնացել ապրելու, ըստ ամենայնի, հենց այդքան էլ կապրեք, քանի որ դա որպես ճշմարտություն եք ընդունելու»,- հայտնել է նա:
Հանրահայտ ֆիլմն արտացոլում է 1950-ական թվականների կյանքը ԱՄՆ-ում` լավատեսության և երջանկության անհոգ տարիները, երբ տարօրինակ սանրվածքով ու վառ հագուստներով երիտասարդները երգում էին, պարում և սիրահարվում: Նրանք ազատ են, չգիտեն՝ ինչ է պատերազմը, ճգնաժամը, կամ բնական աղետները. նրանց միակ զբաղմունքը պարն ու կյանքից հաճույք ստանալն էր:
