Binance-ը 4,3 միլիարդ դոլար կվճարի ԱՄՆ իշխանություններին փողերի լվացման գործով
Սիեթլում (Վաշինգտոն նահանգ) ԱՄՆ դատարանը հաստատել է համաձայնագիրը, որի համաձայն Binance կրիպտոարժույթի բորսան ԱՄՆ իշխանություններին 4,3 միլիարդ դոլար կվճարի տնտեսական իրավախախտումների համար, հաղորդում է Bloomberg-ը։
2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ իշխանությունները Binance կրիպտոարժույթի բորսային պարտավորեցրել էին վճարել 4,3 միլիարդ դոլար՝ Բանկային գաղտնիքի մասին օրենքը խախտելու, փողերի լվացման, պատշաճ գրանցման բացակայության և պատժամիջոցներից խուսափելու համար։
Ընկերությունն ընդունել է իր մեղքը և համաձայնվել վճարել նշված գումարը։
«Սա այն դեպքն է, երբ ընկերության էթիկան խախտվել է ագահության պատճառով», – գործակալությունը մեջբերում է դատավոր Ռիչարդ Ջոնսի խոսքը համաձայնագիրը հաստատելու լսումների ժամանակ:
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Binance-ը հինգ տարի վերահսկվելու է անկախ ֆիրմայի կողմից։
