Արցախցիները ամիսներով չեն ստացել աջակցություն

Արդեն մի քանի օր է AmbionNews-ին դիմում են բազմաթիվ արցախցիներ և հայտնում, որ 3-4 ամիս է չեն ստացել 40+10.000 դրամները։Մեզ դիմած արցախցիները նշում են, որ զանգել են սոցապնախարարության թեժ գծին, բայց անորոշ պատասխան ստացել։ Այնուհետև դիմել են Գյումրիի տարածքային բաժին, բայց ՄՍԾ-ում էլ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Լարիսա Ավանեսյանն ասում է, որ ինքը դեռ 100.000դրամ միանվագ գումարն էլ չի ստացել։

«Էսօր ձեր գումարը կնստացնենք, վաղը կնստացնեն, արդեն 3 ամիս անցավ։100.000-ն էլ դեռ չեմ ստացել, անիմաստ տանում-բերում են, ժամանակ են ձգում։3 երեխաներիս, ամուսնուս հետ վարձով ենք մնում, մեզ ամսեկան 250.000 փող են տալիս, էդ 250.000-ից 150.000-ը վարձ եմ տալիս։Մնում ա 100.000 դրամ դա էլ ծերը ծերին կպնելով յոլա ենք գնում։Երեք ամիս է կտրել են 40+10.000դրամները։ Ամուսնուս հասանելիք գումարն են կտրել, որը 150.000 դրամ է կազմում։ՄՍԾ-ում ասում են`տիկին ջան դուք նոյեմբերին պատշաճ կերպով չեք հաշվառվել, ձեր ամուսնու անունը չկա ցուցակում։ Ասում եմ`ոնց կարա ըտենց բան լինի, ինչ անեմ…իրանց ձեռքն է սաղ, ոնց ուզեն կխաբեմ էս ժողովրդին։Դե հիմա մենք ենք իրանց ձեռքին նայում, ոնց ուզեն մատների վրա կխաղացնեն։ Դեկտեմբերին, որ չտվեցին ասեցին հունվարի հետ միասին կտանք, իսկ հիմա ասում են էդ 3 ամսվա գումարի մասին մոռացեք»,- ասում է 48-ամյա Լարիսա Ավանեսյանը։
Ասկերանից բռնի տեղահանված Անահիտ Հակոբյանն էլ ասում է.
«Մեր 3 ամսվա 40+10.000 դրամը կտրել են, 150.000 դրամ ես եմ կորցրել սոցապի անփույթ աշխատանքի պատճառով։Մամաս էլ 2 ամսվանը չի ստացել։Կառավարություն, ղեկավարություն չկա, երկիր չկա։Մենք Նիկոլին չէինք խնդրել, որ մեր տները հանձնի թուրքին, հիմա էլ տրտնջա մեզ աջակցություն տալուց։Մեզ հասանելիք օգնությունն էլ չի ուզում տալ։Չեն մտածում, թե էս մարդիկ ոնց պիտի տան իրենց վարձերը։Աշխատանքի դիմում ես մերժվում ես, սաղ փակ ա քո համար, եթե դու արցախցի ես։Ես հլը, որ սա եմ հասկացել, ուրիշ բան թույլ չեն տվել մտածել։ Դիմում եմ գրել, որ հետ վերադարձնեն իմ գումարները, բայց առանձնապես հույս չունեմ»,-ասում է Արցախից բռնի տեղահանված Անահիտ Հակոբյանը, ով անչափահաս երեխաների հետ Գյումրիի բազմաբնակարան շենքերից մեկում է ապրում։
Մեզ դիմած արցախցիներից շատերը դիմում են գրել նախարարություն հետ պահանջելով իրենց գումարները։ Նամակներին դեռևս արձագանք չկա։

Share This