Զբոսավայրի ջերմային տեսախցիկն օգնել է հայտնաբերել այցելուի կրծքագեղձի քաղցկեղը
Շոտլանդիայի զբոսաշրջային վայրերից մեկում տեղադրված ջերմային տեսախցիկն օգնել է պարզել, որ այցելուներից մեկը կրծքագեղձի քաղցկեղ ունի:
Ինչպես գրում է CNN-ը, 41-ամյա Բալ Գիլը, կրկին նայելով Էդինբուրգի «Պատրանքների աշխարհ» զբոսաշրջային կենտրոն իր կատարած ուղևորության լուսանկարները, նկատել է կրծքի վրա նշմարվող ջերմային կետը:
Դա ստիպել է կնոջը բժշկի այցելել, որից հետո նրա մոտ կրծքագեղձի վաղ փուլում գտնվող քաղցկեղ է ախտորոշվել: Փորձագետները նշել են, որ Գիլը հաջողակ է, և ջերմային տեսախցիկները միշտ չէ, որ կարող են արդյունավետ լինել հիվանդությունը հայտնաբերելու հարցում:
Իր ուղևորությունն Էդինբուրգ Գիլը կատարել էր մայիսին, որից հետո արդեն երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Հաղորդվում է, որ կինը ևս մեկ վիրահատություն պիտի տանի՝ հիվանդության տարածումը կանխելու համար:
