Հրայր Թովմասյանի մեծ ծառայությունը․ մարդիկ ժամանակից շուտ իմացան, թե լարված իրավիճակներում ինչերի է ընդունակ թավշյա Փաշինյանը
Հրայր Թովմասյանի ու նրա հարազատների դեմ իրականացվող ռեպրեսիաները աստիճանաբար է՛լ ավելի զազրելի դրսևորումներ են ստանում։ Այժմ, փաստորեն, թիրախում են հայտնվել վերջինիս հայրն ու զավակները, ինչով իշխանություններն, ըստ էության, ջնջում են թույլատրելիի և անթույլատրելիի բոլոր սահմանները, ինչի հետևանքները վաղ թե ուշ ստիպված են լինելու զգալ սեփական մաշկի վրա՝ բումերանգի կանոնի ուժով:
Անհերքելի է, որ հենց նմանօրինակ մեթոդների կիրառմամբ իշխանությունները Թովմասյանին պարզապես սադրում են՝ հունից հանելու և դրանով իսկ նրան խոցելի դարձնելու նպատակով: Բայց Թովմասյանն աննկուն է, դիմադրում է յուրովի. նա ձեռնպահ է մնում կտրուկ շարժումներից և պարզապես իր աշխատանքն է անում՝ ՍԴ նախագահի աշխատանքը: Եվ միայն այն, որ նա չի տրվում Փաշինյանի սադրանքներին ու չի հանձնվում, այն, որ հրաժարվում է, ըստ էության, նոր իշխանությունների հետ գործարքի գնալուց՝ պետական շահը գերադասելով նեղանձնայինից, արժանի է գովեստի:
Շատ կարևոր է նկատել, որ Թովմասյանի այս հանգստությունից անհանգստանում ու հունից դուրս է գալիս հենց ինքը՝ Փաշինյանը ու գնալով ավելի խստացնում ռեպրեսիաները, ինչը հանրության ադեկվատ սեգմենտի մոտ արդեն իր գնահատականն ստացել է:
Ակնհայտ է, որ իշխանությունների ադեկվատության աստիճանը խիստ ցածր է: Պետական կառավարման ամբողջ համակարգը փաստացի մեկ հոգու ձեռքում է ու կախված նրա կամքից: Այդ մեկ հոգին է որոշում ճանապարհի ուղղությունը, սահմանում ուղենիշներն ու թիրախներ նշանակում, ինչի հետևանքով էլ, ըստ էության, Հայաստանը կորցրել է արդյունավետ երկիր դառնալու բոլոր հնարավորությունները՝ հայտնվելով «սև անցքի» կենտրոնոմ:
Հետաքրքիր է՝ եթե վաղը, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, ինչպե՞ս է Հայաստանը նման ցածր իմունիտետի պայմաններում դիմակայելու և հաղթելու արտաքին թշնամուն, ինչպե՞ս է ճգնաժամային վիճակում հայտնված պետությունը լուծելու իր գերխնդիրը՝ ֆիզիկական հարատևության հարցը: Իշխանավորներից գոնե մեկը մտածե՞լ է այս հարցի մասին:
Բայց հարցն այս իշխանությունների համար, ըստ էության, չորրորդական նշանակության է. նրանք իրենց պատերազմն են տանում, ուր թիրախն այսօր Հրայր Թովմասյանն է, որին խփել, սակայն, որևէ կերպ չի ստացվում:
Վարդգես Սարգսյան
