Ինչու են լռում իշխանությունները Փաշինյանի կայքի՝ ադրբեջանական հաքերների կողմից կոտրելու փաստի հետ կապված

Ժամանակին, երբ դեռ հանրապետականներն էին իշխանության, մի անեկդոտային միտք էր պտտվում ֆեյսբուքահայության շրջանում, որ այն ժամանակվա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արի տունը» հատուկ գործարկել էր, որպեսզի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին տուն կանչեր։ Էդվարդ Նալբանդյանն էլ այն ժամանակների ամենաքննադատված նախարարն էր, իր անդրդվելիության, անտարբերության ու աներեր լռակյացության համար; Աշխարհը կրակի մեջ վառվեր, Հայաստանն ու Արցախն էլ հետը, Էդվարդ Նալբանդյանից ձայն չէիր լսի։ Ասում էին, որ նույնիսկ «Գուգլով» որոնելիս նրան հնարավոր չէր լինում գտնել։ Հիմա կարծես թե հերթը հասել է նոր իշխանություններին։ Երեկ ադրբեջանցի հաքերները կոտրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքը եւ այնտեղ հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հակահայկական ելույթը, կապված այն բանի հետ, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում։ Հասկանալի է, որ նման կոնտենտի հրապարակումն ընդգծված քաղաքական է ու լավ հաղթաթուղթ հայկական կողմի ձեռքին աղմկելու, որ ցանցահենային պատերազմ է սկսել Բաքուն Երեւանի հանդեպ վարել, ինչը չի նպաստում Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։ Սակայն զարմանալի կերպով հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը լուռ է, ձկան նման համրացած։ Տպավորություն է, որ Զոհրաբ Մնացականյանը սկսել է քայլել Էդվարդ Նալբանդյանի հետքերով՝ անտարբերության, արդրդվելիության ու լռակյացության առումով։ Վստահաբար, եթե հայկական ցանցահենները կոտրեին Իլհամ Ալիեւի կայքը, հիմա առնվազն համանախագահներին գանգատների բազմահատորյակ էր ուղարկվել, ու ամբողջ աշխարհով մեկ բայաթի էին սկսել հակահայկական բնույթի։ Մինչդեռ Երեւանում քար լռություն է։
