<<Ի՞նչ հիմքով եք արգելում <<Հրանտ Դինք>> հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը>>. Կարո Փայլանը՝ թուրք նախարարին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պահանջել է Թուրքիայի հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից բացատրել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և հետագայում նաև Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և դրա շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» խորագրով գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է mezopotamyaajansi.com լրատվականը:
Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.
1. Ի՞նչ հիմքով է արգելվել «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը, եթե հիմնադրամներն ու կուսակցությունները «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի մեջ չեն ներառվում:
2. Ո՞րն է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում կայանալիք գիտաժողովների արգելման փաստարկը, որին պիտի մասնակցեին մասնագետներ Թուրքիայից և արտերկրից:
3. Ի՞նչ բացատրություն կարող եք տալ այդ գիտաժողովի մասնակիցներին, որ առանց փաստարկի արգելել եք գիտաժողովի անցկացումը:
4. Ի՞նչու է ձեր կառավարությունը արգելում Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որը նպաստում է խաղաղության, համերաշխության և երկխոսության մշակույթի զարգացմանը:
5. Արգելել եք այս միջոցառումը, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և դրա շրջակայքում մինչև 100 տարի առաջվա մշակութային բազմազանության՝ այնտեղ ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին:
Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները վաղուց ավարտված են եղել, և բոլոր բանախոսներն էլ Թուրքիայից և այլ երկրներից ժամանել էին Ստամբուլ, սակայն հոկտեմբերի 17-ին Շիշլիի համայնքապետարանն առանց փաստարկ նշելու գիտաժողովը արգելելու մասին ծանուցում է ուղարկել հիմնադրամ:
