Կատալոնիայում բողոքի ցույցերի չորրորդ օրը մոտ 20 մարդ է ձերբակալվել
Կատալոնիայի ինքնավար շրջանում առնվազն 19 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցերի չորրորդ օրը, գրում է ria.ru-ն՝ El Pais-ին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու կողմից 18 տուժածի մասին, շրջանի իրավապահ մարմինները հստակեցրել էին, որ 5 վիրավորները ոստիկաններ են:
Ըստ հաղորդման՝ ձերբակալությունները հիմնականում կատարվել են Բարսելոնայում:
Վերջին երեք օրերին ցույցերի հետևանքով տուժել է շուրջ 500 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 200 ներկայացուցիչներ, ձերբակալվել է մոտ 100 մարդ:
Ուրբաթ Կատալոնիայի մայրաքաղաքում նախատեսված է համընդհանուր գործադուլ, որին մասնակցելու համար ինքնավար շրջանի տարբեր քաղաքներից Բարսելոնա են ժամանել ցուցարարների շարասյուներ:
Հիշեցնենք, որ կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք կապված էին 2017 թվականին Կատալոնիայի ինքնավար շրջանում անկախության հանրաքվե կազմակերպելու հետ, դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման: Իսպանիայի գերագույն դատարանն այս որոշումը հրապարակել էր հոկտեմբերի 14-ին: Դրանից հետո շրջանում սկսվել են բողոքի ցույցեր:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անց էր կացվել անկախության հարցով հանրաքվե, որը չէր ճանաչվել Իսպանիայի կողմից, Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանափակվել էին Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքները: Այդ իրադարձություններից հետո մի շարք կատալոնացի քաղաքական գործիչներ ձերբակալվել էին, մի մասն էլ փախել էր Իսպանիայից, այդ թվում՝ Կատալոնական ինքնավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը: Նա ներկայում ապաստանել է Բելգիայի Թագավորությունում:

