Արտասովոր ախտանշան, որը կարող է հուշել շաքարային դիաբետի զարգացման մասին
Երկրորդ տիպի շաքարային դիաբետը զարգանում է նյութափոխանակության խանգարման հետևանքով, որի դեպքում խանգարվում են արյան մեջ շաքարի մակարդակի բնական կարգավորման մեխանիզմները: Օրգանիզմը կորցնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, իսկ այս հորմոնը ենթաստամոքսային գեղձն արտադրում է շաքարի բարձր մակարդակի նվազեցման համար:
Նման փոփոխությունների հետևանքով բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կապված է օրգանիզմում այլ հիվանդությունների ու բորբոքային գործընթացների հետ, որոնք կարող են ազդել կարևորագույն օրգանների վրա, այդ թվում՝ սրտամկանի, երիկամների ու լյարդի: Սա է պատճառը, որ շաքարային դիաբետը հարկավոր է հայտնաբերել զարգացման վաղ փուլերում ու անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար:
Շաքարային դիաբետի համաշխարհային միության մասնագետների խոսքով՝ այս հիվանդության զարգացման վաղ փուլերի մասին հուշող ախտանշաններից մեկը կարող է լինել անբացատրելի գլխապտույտը, որն ի հայտ է գալիս առանց որևէ պատճառի: Մասնագետները բացատրում են, որ այս խնդիրն անմիջականորեն կապված է օրգանիզմում գլյուկոզայի բարձր մակարդակի հետ:
«Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիա) հանգեցնում է պոլիուրիայի, ինչն իր հերթին հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման, քանի որ այդ կերպ օրգանիզմը փորձում է դուրս բերել ավելորդ գլյուկոզան: Սակայն օրգնիզմում հեղուկի ցածր մակարդակի պատճառով գլխուղեղը պայքարում է իր գործառույթների կատարման համար, ինչն էլ հանգեցնում է գլխապտույտի», – նշում են փորձագետները:
Բացի այդ, գլխապտույտը կարող է լինել նաև արյան մեջ շաքարի չափազանց ցածր մակարդակի մասին հուշող ախտանշան, ինչը նույնպես համարվում է շաքարային դիաբետին բնորոշ խնդիրներից մեկը: Բանն այն է, որ շաքարի մակարդակի անկման դեպքում նույնպես գլխուղեղը չի կարողանում կատարել իր գործառույթները, ինչն էլ դառնում է գլխապտույտի պատճառ:
Սա է պատճառը, որ անբացատրելի կտրուկ գլխապտույտի դեպքում գիտնականները հորդորում են չհապաղել ու անմիջապես դիմել մասնագետին, հատկապես, եթե նկատվում են նաև շաքարային դիաբետի մասին հուշող այլ ախտանշաններ, այդ թվում անհագ ծարավի զգացում, հոգնածություն, վերքերի ու վնասվածքների ուշ ապաքինում, ինչպես նաև տեսողության վատթարացում:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
