Մասնագետը նշել է այն միակ դեպքը, երբ ալկոհոլը կարող է օգտակար լինել
Ալկոհոլը համարվում է առողջության և ամբողջ օրգանիզմի համար խիստ վնասակար մթերք, ուստի մասնագետները հորդորում են հնարավորինս խուսափել դրա գործածությունից, սակայն կլինիկական հոգեբան Դմիտրի Մոկիչևի խոսքով՝ կա ընդամենը մի հանգամանք, որի դեպքում ալկոհոլի գործածությունը մասնագետները ոչ միայն չեն արգելում, այլև խրախուսում են:
Ըստ բժշկի՝ միակ դեպքը, երբ ալկոհոլը կարող է իսկապես օգտակար լինել առողջության համար, լուրջ հոգեկան ցնցումների ժամանակ այն ընդունելն է: Մահացու հիվանդության ախտորոշման, հարազատի կորստի կամ որևէ այլ ողբերգիկ իրադարձության դեպքում ալկոհոլի գործածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ և օգնել հեշտ հաղթահարել ապրումները:
Բժիշկն ընդգծում է, որ սա այն միակ դեպքն է, երբ ալկոհոլի դրական ազդեցությունը գերազանցում է նրա հասցրած վնասը: «Ալկոհոլն իսկապես կարող է օգնել ազատվել տագնապային ախտանշաններից ու ցավից: Այն օգտագործելով մարդը կարող է հաղթահարել տեղի ունեցածը գիտակցելու սուր պահերը», – բացատրում է հոգեբանը:
Ընդ որում՝ փորձագետը նշում է, որ հոգեկան ցնցումների դեպքում շատ ավելի օգտակար կարող են լինել թունդ ըմպելիքները, քանի որ դրանց գործածության դեպքում մարդն ավելի շուտ է հարբում և տագնապային ախտանշաններն ավելի շուտ են մեղմվում:
Մոկիչևը վստահ է, որ ալկոհոլի օգտակարության մասին մյուս բոլոր պնդումները պարզապես միֆի վերածված կարծրատիպեր են: Մասնագետն անհեթեթություն է որակել բոլոր այն պնդումները, համաձայն որոնց՝ ալկոհոլը լայնացնում է անոթներն ու բարելավում է ախորժակը, գարեջուրը պարունակում է վիտամիններ, իսկ օղին օգնում է տաքանալ: Նա ընդգծել է, որ ալկոհոլն առաջին հերթին տոքսին է և կարող է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական կախվածություն առաջացնել, ուստի դրանցի հարկավոր է հնարավորինս խուսափել:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
