Փաշինյանին <<հարձակվող քառյակը>> շատ նեղ դրության մեջ կարող է դնել

Արդեն երկու օր է Բաքվի քարոզչամեքենան ձեռնամուխ է եղել Հայաստանից «ադրբեջանատյացի» կերպարի ձեւավորմանը։ Առիթը տրվել է Երեւանում․ զարմանալ պետք չէ․ Ալիեւի վարչակազմում հմտորեն օգտագործել են «Հայելի» ակումբի վրա իրականացրած ոտնձգությունն ու այն ներկայացնում թե իրենց, թե աշխարհին՝ «Հայաստանում լրաջվամիջոցի վրա հարձակում է եղել այն պատճառով, որ հրապարակել են Ալիեւի խոսքը՝ ասված «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ» տրամաբանությամբ։ Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան եւ Բաքու։ Մինչ այդ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարության համար, հնարավոր բոլոր խողովակներով համանախագահ երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց դժգոհությունները հայտնել են՝ ներառյալ նաեւ այդ դժգոհությունը չթաքցնելով նաեւ հրապարակային հայտարարություններում արված ուղիղ կամ ակնարկային խոսքում։ «Հայելիի» վրա հարձակումով հիմա Բաքուն կերտում է «ագրեսոր ու ադրբեջանատյաց Հայաստանի» կերպարը, մի բան, որի հակառակը արդեն քսան տարի արել է Հայաստանը, ասելով, որ Ադրբեջանում պետական մակարդակի վրա է բարձրացվել հայատյացությունը։ Օրեր առաջ Բաքվում ինչ որ ցույց էին ցրում, ու զոհված զինվորականի հայրն ասում էր «Հայը որ հայ է նման կերպ չի վարվում»։ Հասկանալի է, թե ինչ դոզայի հայատյացություն կա Ադրբեջանում։ Ու փոխանակ օգտագործվեր այս հանգամանքը, արվեց մի քայլ, որը ուղիղ հարված հասցրեց Հայաստանի դիրքերին։ Ու քանի ներողություն է դեռ խնդրելու Նիկոլ Փաշինյանը համանախագահներից, որ «ջրի» այս «թեման» դեռ հայտնի չէ, եթե իհարկե կարողանա ջրել, որովհետեւ հանրահռչակված փաստ է, հարձակումն իրականացնողներն իրեն սատարողներն են, իր գաղափարակիցները, իր աջակիցները։
