Իրանը հայտնել է ռուս լրագրող Յուլյա Յուզիկի ձերբակալման պատճառը
Ռուսաստանի քաղաքացի Յուլյա Յուզիկը Թեհրանում ձերբակալվել է վիզայի հետ կապված խնդիրների և այլ խախտումների պատճառով, գրում է РИА Новости-ն` հղում անելով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալիի Ռաբիի` մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը:
Այսպիսով՝ Իրանի կառավարության ներկայացուցիչը հերքել է տարածված այն տեղեկատվությունը, որի համաձայն Յուզիկը կասկածվում է լրտեսության համար: Ռաբիին նշել է, որ Իրանի իշխանությունները շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և շուտով այն ավարտին կհասցնեն:
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան հույս ունի` Յուզիկին ազատ կարձակեն. դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 2-ին ձերբակալվել էր ռուս լրագրող Յուլյա Յուզիկը: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել էին լրագրող Բորիս Վոյցեխովսկին և Յուզիկի դուստրը:
Վոյցեխովսկու խոսքով` Յուզիկը Թեհրանում հրավիրված է եղել` որպես լրագրող: Յուզիկը հայտնել էր, որ օդանավակայանում նրանից վերցրել են անձնագիրը` խոստանալով վերադարձնել այն երկրի տարածքը լքելիս, այնուհետև լրագրողի հյուրանոցի համար են ներխուժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները և տարել նրան:
Յուլյա Յուզիկն աշխատում է «Комсомольская правда» թերթի և «Русский Newsweek» ամսագրի խմբագրություններում: 2003 թվականից զբաղվում է գրական գործունեությամբ և լրագրողական հետաքննություններով:
