Մադոննան հոսպիտալացումից հետո առաջին անգամ դիմել է երկրպագուներին. «Ես ապաքինման ճանապարհին եմ»
Մադոննան հոսպիտալացումից հետո առաջին անգամ դիմել է երկրպագուներին: Փոփի 64-ամյա թագուհին հունիսի 24-ին բակտերիալ վարակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։
«Շնորհակալություն դրական էներգիայի, աղոթքների եւ քաջալերական խոսքերի համար։ Ես զգացել եմ ձեր սերը,-գրել է երգչուհին Instagram-յան էջի գրառման մեջ,- Ես վերականգնման ճանապարհին եմ եւ աներեւակայելի երախտապարտ եմ իմ կյանքի բոլոր օրհնությունների համար։ Առաջին միտքս, որ արթնացա հիվանդանոցում, երեխաներս էին։ Իմ երկրորդ միտքն այն էր, որ ես չեմ ուզում հիասթափեցնել որեւէ մեկին, ով գնել է իմ շրջագայության տոմսերը», – ասել է նա: «Ես նաեւ չէի ուզում հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր անխոնջ աշխատել են ինձ հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում իմ շոուն ստեղծելու համար: Ես ատում եմ հիասթափեցնել որեւէ մեկին»:
Թեեւ Մադոննան նշել է, որ այժմ կենտրոնացած է իր «առողջության եւ վերականգնման վրա», նա երկրպագուներին վստահեցրել է, որ իր շրջագայությունը կսկսվի որքան հնարավոր է շուտ: Նրա Celebration շրջագայության հյուսիսամերիկյան հատվածը հետաձգվել է։ Եվրոպական մասը կմեկնարկի հոկտեմբերին։ «Հավատացնում եմ ձեզ, ես կվերադառնամ ձեզ մոտ հենց կարողանամ: Ես շատ շնորհակալ եմ ձեր հոգատարության եւ աջակցության համար»,-ասել է Մադոննան։
