Հարազատ մարդկանց խաբել չի կարելի․ Ժան Ռենո

«Կյանքը զարմանահրաշ է ու հիասքանչ։ Սակայն դա ինձ համար բավական չէ․ որպեսզի կյանքը լինի տոն, հարկավոր է, որ կողքիդ լինեն քո հարազատ մարդիկ, որոնց դու սիրում ես ․․․» մի առիթով ասել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն։ Ծագումով իսպանացի, ֆրանսիացի աշխարհահռչակ կինոդերասան Ժան Ռենոն սկսել է նկարահանվել երբ արդեն բոլորել էր կյանքի առաջին երեսնամյակը։ Կինոյում սակայն նրա կարիերայում շրջադարձային է լինում 1985 թվականին Լյուք Բեսոնի հետ ծանոթությունը։ Նրանց համագործակցության ապոթեոսը դառնում է «Լեոնը», որը այն ժամանակ 46 տարեկան Ռենոյին դարձնում է համաշխարհային մակարդակի աստղ։ 58 տարեկանում ամուսնանում է դերասանուհի Զոֆիա Բորուցկայայի հետ, ով այն ժամանակ 24 տարեկան էր։ Դա նրա երրորդ ամուսնությունն էր։ Ռենոն հավաստիացնում է, ի դեպ, որ երբեք իր կանանց չի դավաճանել։ Խոստացել էր, որ 60 տարեկանում թոշակի է գնալու, սակայն արդեն 70 տարեկան է, բայց դեռ աշխատում է։ Ահա թե ինչ է նա ասում կյանքի եւ մարդկային փոխհարաբերությունների մասին։ «Ինձ համար ահռելի մեծ նշանակություն ունի «ընկերություն» բառը։ Ես երբեք չեմ կարողանա հասկանալ, թե ինչպես կարելի է դավաճանել ընկերներին, հիասթափեցնել հարազատ մարդկանց։ Բացարձակապես ի վիճակի չեմ այնպիսի մարդկանց հետ շփվել, ովքեր իրենց խոսքի տերը չեն։ Տանել չեմ կարողանում ստախոսներին եւ գլուխգովաններին։ Հնարավոր է, որ ինքս իմ հանդեպ չափազանց լուրջ վերաբերմունք ունեմ, սակայն ինձ մեծամիտ համարել չի կարելի, որովհետեւ երբեք չեմ ասում․ «Դե գիտեք, ես Ժան Ռենոն եմ»։ Կյանքն հիասքանչ է ու զարմանահրաշ ինքնին։ Սակայն դա ինձ համար բավական չէ․ որպեսզի այն լինի տոն, պետք է կողքիդ լինեն հարազատ մարդիկ, որոնց դու սիրում ես։ Մենք բոլորս անցավորներ ենք։ Կարեւորն ինձ համար հեռանալը չէ, այլ այն, թե ինչ կմնա ինձանից հետո։ Մշտապես ազնիվ եմ մարդկանց հետ։ Ու միշտ ասում եմ զավակներիս․ «Երբեք չի կարելի խաբել հարազատ մարդկանց։ Երբեք»։ Եթե նրանք հիշեն իմ այս խոսքերը ամբողջ կյանքում, կհամարեմ, որ կյանքս իզուր չեմ ապրել»։

IDEPblog

Share This