ՌԴ ԱԴԾ-ն կարճել է «Վագներ»-ի զինված ապստամբության գործը

Ռուսաստանում ռազմական ապստամբության գործի հետաքննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները դադարեցրել են իրենց գործողությունները, որոնք ուղղակիորեն ուղղված են հանցագործության կատարմանը, գործը կարճվել է, հաղորդում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի բաժինը։

«ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում հունիսի 23-ին ՌԴ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով զինված ապստամբության փաստով հարուցված քրեական գործով պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են հանցագործությանն ուղղակիորեն ուղղված գործողությունները։ Հաշվի առնելով այս և նախաքննությանն առնչվող այլ հանգամանքներ՝ հունիսի 27-ին քննչական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:

Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։

Share This