ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ՉԱՆՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԶՐԿՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ.«Հրապարակ օրաթերթ»
«Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման եւ դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի, եւ կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- ասել է Արաքսյա Սվաջյանը:
Կամավոր ատեստավորման համար դիմողների գրանցման գործընթացը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
Ի դեպ, կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։
Այն ուսուցիչները, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, գործող իրավակարգավորումների համաձայն, մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին։
