Բացարձակապես որևէ պայմանավորվածություն չկա. Զոհված զինծառայողի մայր

«Երբեք ականատես չեմ եղել, որ տուժողն ուղղություն ցույց տա դատավորն։ Չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով  զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով հունիսի 5-ի դատական նիստի ժամանակ տուժող Աշոտ Փաշինյանի հայտարարություններին։

Նա նշեց, քանի որ մենք ապրում ենք ոչ ադեկվատ  միջավայրում, փաստորեն, ամեն ինչ հնարավոր է։

«Մենք  փաստացի չունենք ոչ արդարադատություն, ոչ արդարություն, դրանք այս պահի դրությամբ Հայաստանի համար կեղծ  կատեգորիաներ են։ Այլևս անիմաստ է զարմանալ անօրինականությունների վրա»,- ասաց տիկին Աննան։

Լրագրողները հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն, որ Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր է, ըստ այդմ՝ Աշոտ Փաշինյանն էլ հերոս է, այս առումով ի՞նչ կարո՞ղ է ասել,  Ա. Մկրտչյանն ասաց. «Ի՞նչ առումով է հերոս, որ իրեն դուրս բերելու համար  հազարավոր տղաների  գլուխ կերա՞ն։ Եթե հերոս էր, ինչո՞ւ իրեն  գցեց մեքենայից, թե՞ մեքենայից դուրս գցելը, կասկադյորական տրյուկեր անելը  հերոսություն է կամարվում»։

Հարցին՝ զոհված զինծառայողների ծնողների՝ նստացույցը դադարեցնելուց հետո խոսակցություններ եղան պայմանավորվածությունների մասին, Ա. Մկրտչյանն ասաց. «Չկա որևէ պայմանավորվածություն։ Բացարձակապես չկա որևէ պայմանավորվածություն։ Այս ամեն ինչը միաժամանակ մի քանի թիրախ է ունեցել ու շարունակում է  ունենալ՝ հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է, որոշ կարևոր թեմաներից ուշադրության շեղումն է։

Իսկ ժողովրդին վախի մեջ պահելը գործիքներից մեկն է, որպեսզի կարողանան հեշտ կառավարել մասսաներին»։

Նա նաև հերքեց այն տեղեկությունը, թե ծնողների միջև պառակտում կա։

«Չկա որևէ պառակտում, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք գտնվի»,- ասաց տիկին Աննան։

Share This