Մեր անկախ պետականության ստեղծման պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է․ Իվետա Տոնոյան
«Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական գյուղերի վերադարձի հարցը, իսկ շրջափակման մեջ գտնվող արցախահայերի ճակատագրի հարցը երկրորդ պլան է մղվել»,- այս մասին «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ քարոզչական իջոցներով իշխանությունները փորձեն հանրության մեջ ամրատավորել այն գիտակցությունը, թե Արցախի հարցն այլևս փակված է, և Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է Արցախի տարածքը։
«Երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։
Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների առկայությունը, լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
