Մի փոքր ուշացումով՝ շնորհավորանք «Ազգային երգչի» հաղթողին
Օրվա հարահոս լրահոսի մեջ մոռացանք խոսել կարեւոր մի մշակութային իրադարձության մասին, որը տեղի ունեցավ կիրակի օրը եւ որի մասին, հարկ է, որ գոնե մի քանի խոսքով անդրադառնանք։ Եւ այսպես, կիրակի ամփոփվեց «Շանթ» ՀԸ եթերով հեռարձակվող «Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանը։ Հաղթող ճանաչվեց եւ «Ազգային երգչի» տիտղոսին արժանացավ 17-ամյա Սամվել Մալոյանը։ Նրանք, ովքեր հետեւել են նախագծին, կփաստեն թերեւս, որ հետաքրքիր, դիտարժան ու էմոցիաներով խորապես հագեցած նախագիծ էր։ Երկրորդ եթերաշրջանը տեւեց ինն ամիս եւ այդ ամիսների ընթացքում՝ լսումների փուլից մինչեւ եզրափակիչ, վստահորեն կարող եմ ասել՝ հարյուր հազարավոր մարդիկ հեռուստատեսությամբ եւ համացանցում անհամբերությամբ սպասում էին ամեն կիրակի օրվան, որպեսզի «Շանթի» երեկոյան եթերում դիտեին իրենց սիրված նախագիծը։ Ու հիմա, երբ արդեն ամփոփվել է նախագծի հուսանք հերթական եթերաշրջանը, հայտնի է հաղթողը, բաշխված են բոլոր դափնիները, թերեւս կարելի է խոսել, ու ասել, թե օրինակ ինչ տվեց նախագիծն ինձ ու ինձ նման հարյուր հազարավոր հեռուստադիողների։ Թերեւս առաջին հերթին հետաքրքիր ապրումներ, որպիսին մարդն ունենում է երբ որեւէ մրցույթում լինում է հավակնորդներից մեկի երկրպագուն։ Իմ դեպքում երկու ֆավորիտներ ունեի՝ Հայկուհի Հարությունյան եւ Սամվել Մալոյան։ Նաեւ՝ ազգային երգի եւ երաժշտության հանդեպ ունեցած ջերմ զգացումների թարմացում կամ նորոգում։ Կարեւոր է, ինչ խոսք, անկախ այն հանգամանքից, թե Հայրենիքում ես ապրում, կամ Հայրենիքից դուրս եւ կամ էլ Հայրենիքից պարբերաբար բացակայելու առիթ ես ունենում, ներսումդ մի անձուկ ու նվիրական անկյունում վառ պահել ազգայինի հանդեպ սերն ու ջերմությունը։ Նախագծի այս եթերաշրջանը ինչ խոսք, դա տվեց։ Հաճելի էր նաեւ անձամբ իմ համար, որ իմ երկու ֆավորիտներից մեկը դարձավ հաղթող։ Միաժամանակ նաեւ՝ բովանդակալից ու հետաքրքիր, նուրբ ու որակյալ հումորով համեմված հիանալի շոու ծրագրեր վայելելու առիթներ ունեցանք այս ամիսների ընթացքում հանդիսավարությամբ Ավետ Բարսեղյանի եւ Թամարա Պետրոսյանի։ Եղան նաեւ հուզիչ, նույնիսկ չափազանց հուզիչ պահեր, ինչպես օրինակ «Մարտիկի երգի», «Կռունկի», «Հորովելի», «Գուլոյի» եւ համշենական եւ բարբառով ազնավուրյան կատարումների ժամանակ, ամեն անգամ Արցախին եւ Սփյուռքին ողջույններ հղելու պահերին։ Ու այս ամենից հետո, կարելի է միայն ասել՝ հիշողությունները անխոս մնալու են բոլորիս սրտերում, ու կարոտելու ենք արդեն հարազատացած դեմքերին, որոնց համար քվեարկել ենք, որոնք մասին նույնիսկ առտնին խոսակցությունների ընթացքում խոսել ենք, երբեմն կողմ եղել, երբեմն մոտեցել քննադատաբար։ Վստահ կարող եմ ասել մի բան՝ կարոտելու եմ նախագծին ու անհամբեր սպասելու նոր եթերաշրջանին։
Արամ Յանին
