<<ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՓՈԽԵԼԸ ՀՂԻ Է ԲԱԶՄԱԹԻՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ>>
Լուսավոր Հայաստանի» համար արտահերթ ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգիրքը փոխելն անընդունելի է, հատկապես, որ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ եւ մանրամասնեց.
– Այս ամենից հետո փոխել խաղի կանոնները, նշանակում է խախտել պայմանավորվածությունը: Ըստ այդմ` մեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք այս հարցում կտրական են տրամադրված, ինչը կարող է բերել նաեւ մեր կողմից պայմանավորվածության խախտման: Ի՞նչ է նշանակում, որ եթե վարչապետը հրաժարական տա, եւ ԱԺ-ն չընտրի վարչապետ, այստեղ պետք է անպայման ընդդիմության համար ձայնը, բայց երբ Ընտրական օրենսգիրք են փոխում, ընդդիմությունը ոչի՞նչ է, իրենք կբերեն ու կփոխե՞ն: Մեզ հետ Ընտրական օրենսգիրքը չի քննարկվել, եւ մենք ենթադրել ենք, որ գործող օրենսգրքի կանոններով ենք գնալու ընտրությունների: Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է բազմաթիվ հետեւանքներով եւ առաջին հերթին` հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը:
