2025թ. առաջին եռամսյակում գրանցվել է արտաքին ապրանքաշրջանառության կտրուկ անկում․ «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը:
ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։
2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։
