«Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է․ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը
Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է: Այս մասին Ambion.news-ը տեղեկացավ Քրեական դատարանից:
Նշենք, որ կալանքի միջնորդության քննությունը մակագրվել էր դատավոր Մասիս Մելքոնյանին:
Երեկ էլ հայտնել էինք, որ կալանավորվել է «Զապ»-ը, նույն ինքը` Անդրանիկ Սողոյանը:
Հիշեցնենք, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձինք ձերբակալվել էին սեպտեմբերի 22-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ըստ ՆԳՆ-ի՝ այսպես կոչված «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող մեկ այլ՝ այսպես կոչված «օրենքով գող»՝ Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների համար պարտադիր կատարման ենթակա հրահանգի համաձայն, պարզաբանումներ կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի և նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։
Նրանք, ըստ ՆԳՆ-ի, հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ հասցրել։
Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան, իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
