Փաստաբան Գայանե Պապոյանն ահազանգում է Ամերիաբանկում նկատած խնդիրների մասին

Ուզում եմ բարձրաձայնել Ameriabank CJSCի պահատուփերից օգտվելու ընթացքում իմ կողմից արձանագրված մի խիստ մտահոգիչ հանգամանքի մասին։

Պահատուփից օգտվելու և այդ նպատակով առանձնացված տարածք մուտք գործելու համար չի պահանջվում անձը հաստատող փաստաթուղթ, ինչն իհարկե երկար ժամանակ է այդպես էր, սակայն այժմ դրանից զատ չեն ճշտվում անգամ անունն ու ազգանունը, որևէ նույնականացում առհասարակ չի կատարվում։ Բավական է հայտնել պահատուփի համարը (ինչն առկա է բանալու վրա), ստորագրել ներկայացված փաստաթուղթը և անցնել պահատուփերի պահպանման հատուկ տարածք։

Ի դեպ, նշված տարածք մուտք գործելը տեղի է ունենում ԱՌԱՆՑ ՈՐևԷ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ, ինչը ևս առանձին շատ լուրջ խնդիր է։ Ցանկացած անձ պահատուփից օգտվելու պատրվակով հեշտությամբ կարող է պայթուցիկ տանել տեղադրել և հանգիստ հեռանալ, իսկ հետո իր սև գործն անել։

Մասնաճյուղի կառավարչի և աշխատակցի պարզաբանմամբ՝ հաճախորդի նույնականացումն իրականացվում է համակարգում առկա լուսանկարի և ստորագրության միջոցով ։

Իսկ իմ հարցին, թե ինչ կլինի, եթե մեկ այլ անձի ձեռքում հայտնվեն իմ պահատուփի բանալին՝ դրա վրա նշված համարով, ու այդ անձն արտաքին նմանություն ունենա ինձ հետ, իսկ ստորագրությունը նմանակելն իրենից բարդ բան չի ներկայացնում, պատասխան չստացա։
Կամ ինչ կլինի այն դեպքում, երբ որևէ անձի երկվորյակը մուտք գործի՝ ունենալով բանալին, կրկին պատատխան չստացա։

Բայց ամենամտահոգիչը հնարավոր հետևանքներն են։

Եթե մի օր նման թերի վերահսկողության պայմաններում պահատուփից արժեքներ անհետանան, արդյո՞ք հաճախորդը չի հայտնվի մի իրավիճակում, երբ բանկը կհայտարարի, որ իրեն հայտնի չէ, թե ինչ է պահվել պահատուփում , իսկ պատճառված վնասի հատուցման համար կառաջարկի դիմել հանցագործություն կատարած անձին։

Հ.Գ. Երբ զանգահարում ենք բանկ, մինչ հարցին պատասխանելը նույնականացման համար էնքան հարց եք տալիս, մնում է հարցնեք նաև , թե որ դպրոցն ենք ավարտել, իսկ պահատուփի դեպքում՝ զրո անվտանգություն։

Ի դեպ, չկարողացան պատասխանել նաև այն հարցին, որ, երբ զանգում ենք բանկ, համարը ֆիքսվում է, իսկ համարով նույնականացում կատարում են, այդ դեպքում ինչու են կրկին մանրակրկիտ տարբեր հարցերով նույնականացնում։ Սա այն համատեքստում, որ բանկում նշեցին պահատուփի համարով նույնականացնում են հաճախորդին։

Share This