Փաշինյանը պարզապես պարպեց ներսում եղած մաղձը իր լայվով
Անցած կիրակին Հայաստանի նորագույն պատմության մեջ մնաց որպես գործող վարչապետի ամենաչստացված «լայվի» հեռարձակման օր։ Վարչապետ Փաշինյանը բավական երկար ժամանակ խոսեց ինչ որ բաների մասին, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը, իր մասին մամուլում հնչող քննադառություններին, ընդամենը մեկ բանի համար՝ պարպել իր ներսում եղած մաղձը, ինչը նկատվում էր նույնիսկ խոսքում առկա ցինիզմից, հատկապես մամուլի հանդեպ ունեցած նեգատիվ վերաբերմունքից։ Առհասարակ այդ «լայվը» կարելի է համարել ամենաբացասական էներգիա արտազատողը, երբ չարությունը, ատելությունը, ցինիզմը պարզապես ամեն տողի ու բառի տակ կար։ Թե ինչու էր Փաշինյանը որոշել խոսել, դժվար է ասել։ Գուցե ինքնապարպում էր, գուցե ներքին անհանգստություններ ունի, նույնիսկ վախեր, գուցե պարզապես փորձում է իր գահավիժող հեղինակությունը փրկել, գուցե՝ բոլոր նշվածները միասին վերցված։ Հասկանալի է, որ քննադատաական մամուլը անում է իր գործն ու այլեւս միայն իշխանական ու մերձիշխանական շրջանակներն են, իրենց «մարդկանցով», որ ապահովում են նրա մշտական լսարանը, չհաշված նաեւ «զոմբիստանը»։ Միաժամանակ նաեւ զգում է, որ այլեւս չի կարողանում տիրապետել իրավիճակին, ու խնդիրներն ու մարտահրավերներն այնքան շատ են ու այնքան գլոբալ, որ նույնիսկ որոշ դեպքերում սանձերը իր ձեռքից սահում են, որ ինքնահոսի վիճակ է ստեղծվում։ Ամեն դեպքում, եթե զուտ բովանդակության մասին խոսենք, ապա լուրջ բան «լայվում» չհնչեց ոչ Ղարաբաղյան կարգավորման, ոչ ներքաղաքական կյանքի, ոչ եղած խնդիրների հնարավոր լուծումների մասին։ Թերեւս միակ նորությունը այն կլինի, որ կհրապարակվի թիվ, թե որքան գումար է Հայաստանը հատկացնում Արցախին։ Սակայն այստեղ կա նաեւ մեծ հարց․ արդյոք նպատակահարմար է նման թվի հրապարակումը այն էլ հիմա։
