Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում:

Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում՝ փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը:  Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ:
Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով:

Տեղեկացնեմ նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»

Share This