Տնտեսական հեղափոխությունը այդպես էլ մնաց անկատար երազանք

Արդեն հայտնի է, որ հաջորդ տարի Հայաստանի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված է 4,9 տոկոսանոց տնտեսական աճ, իսկ այդ պայմաններում պարզապես անիմաստ է խոսել տնտեսական հեղափոխության մասին։ Այսինքն թե՝ տնտեսական հեղափոխության ու կախարդական փայտիկով լավ ապրելու պատրանքը կամաց կամաց հօդս ցնդեց, իր տեղը զիջելով իրատեսական թվերին, որոնք վկայում են այն մասին, որ լավ չենք ապրի հաստատ, եթե ավելի վաղ չապրենք։ Իսկ ըստ չոր պաշտոնական թվերի, 2020 թվականին Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի կամ շուրջ 4 միլիարդ դոլարի ծախս: Եկամուտները ծախսերից պակաս կլինի մոտ 200 միլիարդ դրամով։ Թե որտեղից է վերցվելու այս պակասորդը, դեռ հարց է, չնայած ասում են, որ իշխանությունները պայքարել են ստվերի դեմ ու կարողացել կայուն մուտքեր ապահովել։ Սակայն, պետք է հստակ հասկանալ, որ ստվերի դեմ պայքարը, որքան էլ արդյունավետ գործիք լինի տնտեսության առողջացման համար, սակայն այն երբեք չի կարող դառնալ հիմնաքար տնտեսական հեղափոխության համար։ Եթե հավատանք տնտեսագետներին, ապա հաջորդ տարին դեռ նախկին իշխանության ժառանգության մնացորդներն է երկիրը վայելելու։ Նույնիսկ ստվերը եթե դիտարկենք որպես նախկինների ժառանգություն, ապա դրա դեմ պայքարելով էլ հաջորդ տարի միայն այդ ուղղությամբ են կարողանալու ապահովել տնտեսական ինչ որ արդյունքներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )