Արցախի կարգավորման հարցում ամեն բան դեռ առջեւում է
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, որ առանց Արցախի ժողովրդ մասնակցության հակամարտության կարգավորում չի կարող լինել, իսկ իրենք որպես համանախագահներ պատրաստ են լինել լուծման երաշխավորը։ Դիվանագիտական բառապաշարից եթե բացենք, ապա սա նշանակում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը լուծվելու է Արցախի ժողովրդի մասնակցությամբ, իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ, սակայն այդ որոշման կենսագործման հարցում երաշխավորներ են լինելու համանախագահները, այսինքն՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Սա ամբողջ ճշմարտությունն է, սակայն փորձենք հասկանալ, թե ինչպես է լինելու այս ամենը։ Գործնականում այդ երաշխիքը լինելու է Արցախում եւ նրա շուրջ տեղակայվելիք խաղաղապահները, որոնք կարող են լինել խառը, բաղկացած երեք համանախագահների զորքերից կամ էլ ռուսական կամ էլ ՀԱՊԿ-ից։ Կարեւոր նրբերանգ կա այստեղ։ Հայկական զորամիավորումները դուրս են գալու, եւ ակամա չափազանց մեծանալու է խաղաղապահների պատասխանատվությունը եւ ներքին կարգուկանոնի եւ անվտանգային հարցերի կարգավորման տեսակետներից։ Ասել է, թե դեռ երկար ժամանակ հարցը լինելու է միջազգային օրակարգում ու դեռ հարց է, թե աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում ով ինչպես կդրսեւորի իրեն, հատկապես որ արդեն նկատվում է, որ աշխարհաքաղաքական տարակարծությունները նաեւ այս հարցում են սկսել արտացոլվել
