«Տղան եւ թռչունը». Կյանքի փխրունության մասին մութ հեքիաթ
Տասը տարվա ընդմիջումից հետո Միոզակին թողարկեց նոր անիմացիոն ֆիլմ՝ «Տղան եւ թռչունը»: Ֆիլմը պատմում է 12-ամյա տղայի՝ Մահիտոյի մասին, ով կորցրել է մորը եւ ստիպված է հաշտվել մելամաղձոտությամբ լի նոր կյանքի հետ։
Այս աշխատանքում պահպանվել են Միոզակիի ֆիլմերին բնորոշ հոգեբանությունն ու սիմվոլիզմը։ Դիտողը բախվում է վարպետի նախորդ աշխատանքների բազմաթիվ հղումների հետ, ծանոթ պատկերներն ու դետալները նորից ու նորից ի հայտ են գալիս դիտման ընթացքում՝ միահյուսված պատմվածքի թելով:
Ֆիլմի տարբերակիչ առանձնահատկությունը դրա հոռետեսությունն ու մռայլությունն են, ինչը բնորոշ չէ վարպետի նախորդ աշխատանքներին։ Նույն ուրիշ աշխարհը, աննախադեպ արարածներ, գաղտնիքներով ու առեղծվածներով լի իրադարձություններ, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի խորն ու մութ է։
Քննադատները ֆիլմն անվանում են յուրօրինակ կտակ ռեժիսորի կողմից, ով կարծես հրաժեշտ է տալիս հույսերի աշխարհին ու լավատեսական հավատին, բայց ամբողջովին չի լքում այն՝ տեղ թողնելով առեղծվածներին։ Հրաժեշտի եւ հոռետեսության մոտիվը կլանում է ամբողջ ֆիլմը` սկսած պատմական համատեքստից, որով սկսվում է ֆիլմը:
Ֆիլմում շատ հիշատակումներ կան, բայց նաեւ շատ արագ հիշվում են միանգամայն եզակի կերպարներ՝ Վարա-Վառայի չծնված հոգիները, արշավող զինվորներն ու պահակ թութակները, հրեղեն աղջիկ Հիմին, խոսող երաշտը, աղախինները, Մահիտոյի նախապապը եւ շատ այլ կերպարներ, որոնք դաջվում են հիշողության մեջ՝ ստեղծելով ֆիլմի առանձին տիեզերքը: Միեւնույն ժամանակ, սյուժեում որոշակի շփոթություն կարելի է նկատել տարբեր կերպարների եւ հերոսների խառնաշփոթի պատճառով: Հաճախ մի սյուժետային շրջադարձը հազիվ թե կապ ունի մյուսի հետ, ամբողջ գործողությունը կարծես, թե տեղի է ունենում ոչ թե համակցված, այլ միմյանց զուգահեռ։
«Տղան եւ թռչունը» իր դժգունության եւ խորության շնորհիվ ռեժիսորի համար դարձավ շատ անձնական ֆիլմ․ նա նկարահանեց իր պատմությունը՝ գլխավոր հերոս Մահիտոյին տալով իր առանձնահատկություններն ու կենսագրությունը։
Իհարկե, ֆիլմի մյուս աշխարհն ավելի բարդ է, ավելի խորն ու մութ, բայց դա ոչ թե վատացնում է ֆիլմը, այլ, ընդհակառակը, ցույց է տալիս տարիների ընթացքում ռեժիսորի հայացքների փոփոխությունը։
Ի վերջո, Միոզակիի աշխատանքը մեծ էկրանին դիտելը հաճույքի առանձին ձեւ է, որից չպետք է զրկեք ձեզ:
