Տատս կասեր. «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»
Աննա Հակոբյանը որոշելով իրենց հանդեպ քննադատություններին, հաճախ նաև վիրավորանքներին պատասխանել վիրավորանքներով՝ ի ցույց դրեց իրենց ընտանիքում տիրող բարքերն ու բառապաշարը։ Իհարկե, քաղաքական խոսքում վիրավորանքն ընդունելի մոտեցում չէ, հատկապես, երբ վիրավորանքների առատության պարագայում քաղաքական ասելիքը երկրորդվում է։
Բոլորը կենտրոնանում են վիրավորանքների վրա՝ անտեսելով ասելիքի բովանդակությունը։ Սակայն, այս զույգը մոռացել է մի պարզ ճշմարտություն, որ ի տարբերություն մյուսների, դժբախտաբար նրանք են այսօր ղեկավարում Հայաստանը, հետևաբար գոնե ի շահ իրենց, պետք է փորձեին տարբերվել ընդհանուր մթնոլորտից։
Այդպես կվարվեին իմաստուն կառավարողները, բայց ոչ նրանք, որոնք իշխանության են հասել հանգամանքների բերումով ու այդպես էլ չեն գիտակցել իրենց դիրքի կարևորությունը։
Այնուամենայնիվ, փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունը քննադատի, ոչ ոք նրա վարկանիշն այնպես չի խորտակում, որքան Աննա Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանի ամենասարսափազդու ու զորեղ ընդդիմադիրը Աննա Հակոբյանն է։ Այս տիկնոջ խոսքից պարզ դարձավ, որ համբալ բառը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից պահի տակ զայրույթի պոռթկում էր, այլ իրենց ընտանիքում ամենօրյա խոսելաձև, որն էլ նա, սովորույթի համաձայն, օգտագործեց Ազգային ժողովում։
