Արցախի հերոս, «Հանուն Արցախ» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում կրկին վերահաստատեց իր հնչեցրած թեզը, որ այսօր Հայաստանի քաղաքական վերնախավն է սահմանադրական կարգի տապալման հեղինակը, և, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ղարաբաղյան հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք» թեզի շարունակողը:
Վիտալի Բալասանյանը հիշեց նաև Ղարաբաղյան շարժման ժամանակ Վանո Սիրադեղյանի այցը, երբ Բալասանյանն իր զինակիցների հետ պաշարել էր Աղդամը:
Ըստ Բալասանյանի՝ այդ օրերին Վանո Սիրադեղյանն իրեն հասցրել է Հայաստանի քաղաքական վերնախավի, մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչն Աղդամը լքելու և այն ադրբեջանական կողմին հանձնելու մասին:
Վիտալի Բալասանյանը վստահեցնում է, որ այս տեղեկության իսկության մեջ կարելի է համոզվել, օրինակ, հենց Վանո Սիրադեղյանի հետ զրուցելու ժամանակ:
«Ես հատուկ եմ ընտրում իմ բոլոր տերմինները, ես գիտեմ դրանց նշանակությունը»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ ավելացնելով, որ ինքը տեղյակ է Նիկոլ Փաշինյանի և՛ վերելակային հանդիպման, և՛ Ղարաբաղին առնչվող բոլոր հանդիպումների մանրամասներին, որոնք կհայտնի, երբ ժամանակը գա:
Բալասանյանի խոսքով՝ ինքը մի քանի անգամ առաջարկություններով դիմել է Փաշինյանին:
Բալասանյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախն ու Հայաստանը տանում է կործանման՝ պնդելով, որ երբեք չի եղել որևէ փաստաթուղթ, որի մասին Արցախյան իշխանությունները չեն իմացել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ Բալասանյանի, «ստել է», երբ հայտարարել է, որ Արցախյան իշխանություններին հանձնել է ղարաբաղյանի հարցի կարգավորմանն առնչվող փաստաթղթեր, որոնք թաքցրել են նրանցից:
Աքսաննա Հայրապետյան

