Վաղը Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունն է

Վաղը Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունն է։ Նա գյումրեցիների առաջ հրապարակավ երդվելու է՝ հավատարիմ մնալ ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը և ՏԻՄ օրենքին, պահպանել բոլոր դրույթները և աշխատել ի շահ գյումրեցիների։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Կարեն Բադալյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետի երդմնակալության արարողության հանդիսավոր բացումը կազդարարի ավագանու ամենատարեց անդամը։ Այնուհետ կհնչի ՀՀ օրհներգը, ավագանու անդամներից երկու հոգի կմոտենան ամբիոնին, մեկը քաղաքապետի վզից կկախի լանջաշղթան, մյուսը կհանձնի Գյումրու խորհրդանշական բանալին, որից հետո Վարդգես Սամսոնյանը, ձեռքը դրած ՀՀ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի վրա, կերդվի ու երդմամբ կստանձնի իր լիազորությունները։ Քաղաքապետը երդմնակալությունից հետո կստորագրի երդման տեքստը, որը կհանձնեն Գյումրու պատմության թանգարանին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )