ՍՈՒՐՃԻ ՀՐԱՎԵՐԻ՞ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ
Կարապետ Պողոսյանը հրավիրվել է Կումայրի ոստիկանության բաժանմունք, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո, դուրս է եկել։Մեզ հետ զրույցում «Թասիբով» դաշինքը գլխավորող Կարապետ Պողոսյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով․ «Այո, այսօր ինձ ոստիկանություն էին հրավիրել եւ պարզ ասեմ՝ խնդրեցին, որ ոչ մի կերպ չանհանգստացնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հարությունյանին»։
Մեր զրուցակցի խոսքերով, ՔՊ-ի թեկնածուին անհանգստացրել է նրանով, որ հրավիրել է մեկ գավաթ սուրճ խմելու եւ զրուցելու սուրճի սեղանի շուրջ։ «Այսօր ես ֆեյսբուքում ստատուս էի գրել այդ մասին՝ նշելով, որ միևնույն քաղաքի մասին մտահոգ ու հայտ ներկայացրած անձիք վաղուց պետք է փորձեն իրար հետ առերեսվել՝ ժողովրդի աչքի առաջ։ «Թասիբով» դաշինքն առաջարկում է իր մրցակիցներին սուրճ խմել և առաջին առաջարկն արվել է իշխանության ներկայացուցչին։ Պատասխան չեղավ։ Տեղեկացրել էի, որ այսօր այցելելու ենք ՔՊ նախընտրական շտաբ։ Որպեսզի անակնկալի չգային, կարող էին պայմանավորվել հանդիպման ժամի մասին: Բայց փոխարենը ինձ ոստիկանություն հրավիրեցին»:
Թե ինչու է այդքան անմեղ հրավերի պատճառով գործող մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ոստիկանություն դիմել, փորձեցինք պարզել անձամբ նրանից։
«Ես նման տվյալներ չունեմ եւ չեմ կարծում, որ դա կարող է իրականությանը մոտ լինել։ Դուք հանգիստ կարող եք հարցում անել ոստիկանության լրատվական բաժին, հարցնել՝ արդյոք իմ կողմից նման հաղորդում եղել է եւ կտեսնեք, որ իրականությանը չի համապատասխանում։ Հասկանում եմ, որ հիմա փորձում են իմ անունը ինչ-որ դաշինքի անվան կողքին հրապարակել, դիտելություն ապահովել, բայց․․․․ »,-կտրականապես հերքեց ՔՊ-ի թեկնածուն:
