Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում երիկամներում քարերի առաջացմանը
Միզաքարային հիվանդությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան այս հիվանդության զարգացումից խուսափելու համար։ Երիկամներում քարերի առաջացմանը նպաստող գործոնները կարող են տարբեր լինել, իսկ դրանցից մեկը սննդակարգում սխալ մթերքի գործածությունն է, ուստի սննդակարգը մշտական վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։
Սննդաբան Եվգենի Արզամասցևի խոսքով՝ երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել օգտագործվող սննդամթերքի նկատմամբ ու չչարաշահել թթու կանաչեղենը (օրինակ՝ թրթնջուկը), սպանախը, ալկոհոլը, սուրճն ու աղը։
Ինչպես նշել է մասնագետը «Москва 24»-ի հետ զրույցում, թթու կանաչեղենի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ թրթնջուկաթթու, որը նպաստում է երիկամներում օքսալատային քարերի առաջացմանը։ Աղը, որն մասնագետը հորդորել է խիստ սահմանափակ կիրառել, ևս կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, քանի որ խանգարում է օրգանիզմում հեղուկի հոսքը։
«Ջրի դինամիկայի խանգարման և հատկապես ներբջջային ու արտաբջջային հեղուկների միջև մեծ տարբերության դեպքում երիկամային քարերի առաջացման հավանականությունը կարող է բարձրանալ», – նշել է Արզամասցևը՝ ընդգծելով, որ ռիսկային խմբում են սուրճի սիրահարները, քանի որ այդ ըմպելիքը դուրս է բերում կալցումն օրգանիզմից։ Ընդ որում՝ բավարար քանակությամբ ջուր չխմելու դեպքում կալցիումն ամբողջությամբ դուրս չի բերվի և կկուտակվի նստվածքի տեսքով, որը կարող է լինել անգամ երիկամներում։
Մասնագետը նաև հորդորել է չչարաշահել ալկոհոլային ըմպելիքները, քանի որ մեծ քանակությամբ ալկոհոլի գործածությունը հանգեցնում է երիկամների աշխատանքի խանգարման։
