Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Այս մասին Ambin.news–ին տեղեկացնում են Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունից:

Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։

Իր ելույթում դեսպան Բեջանյանը կարևորել է պատվավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոուն իր խոսքում անդրադարձել է սինգապուրահայ համայնքի պատմական ներկայությանը և նրանց նշանակալի ներդրմանը Սինգապուրի պատմության մեջ։

Share This