<<Պաշտում եմ ձեզ>>. Սելին Դիոնը շնորհավորել է երկվորյակ որդիներին ծննդյան 9-րդ տարեդարձի առթիվ՝ հրապարակելով նրանց լուսանկարները (լուսանկար)
Հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը, որը վերջերս կտրուկ փոխել է արտաքինը, շնորհավորել է իր երկվորյակ որդիներ Նելսոնին ու Էդդիին ծննդյան 9-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա հոկտեմբերի 24-ին լուսանկարներ է հրապարակել Instagram-ում՝ գրելով. «Կրկնակի ավելի ծիծաղ ու սեր: Շնորհավոր 9-ամյակը, Նելսոն և Էդդի: Ես շատ եմ հպարտանում ձեզնով, տղաներ, պաշտում եմ ձեզ, մայրիկ»:
Երգչուհու հետևորդները գրել են, որ տղաները շատ նման են իրենց հայրիկին՝ 2016 թվականին կյանքից հեռացած Ռենե Անջելիլին:
Ռենե Անջելիլի ու Սելին Դիոնի ամուսնական կյանքը տևել է 20 տարի, իսկ ծանոթ են եղել ավելի երկար: Նրանք առաջին անգամ հանդիպել են, երբ Սելին Դիոնը եղել է 12 տարեկան, իսկ Անջելիլը՝ 38: Անջելիլը երաժշտական պրոդյուսեր էր, հենց նա է նկատել աղջնակի տաղանդը: Նրանց սիրավեպը սկսվել է 7-8 տարի անց:
«Ծանր է տեսնել, թե ինչպես է կյանքիդ տղամարդը մահանում… Իմ ամենասիրելի մարդը Երկիր մոլորակի վրա, միակ տղամարդը, որին ես համբուրել ու սիրել եմ…»,- պատմել էր երգչուհին:


