ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ին ընդունված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15-րդ և 16-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 57-րդ և 81-րդ հոդվածներին։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է արգելք դատավորի պաշտոնում նշանակվել ցանկացող այն անձանց համար, որոնք ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքի, հանրային ծառայության անցնելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Share This