Սաուդյան Արաբիան մտադիր է Ռուսաստանից С 400 համակարգեր գնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը քննարկել են երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ Պեսկովի՝ երկրները մտադիր են առաջիկայում իրականացնել Սաուդյան Արաբիա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ծրագիրը: Նա չի բացահայտել քննարկման մանրամասները՝ նշելով, որ դեռևս կոնկրետ ասելիք չկա: Պեսկովը հավելել է, որ պետությունները կշարունակեն համագործակցությունն այս ոլորտում:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը 2007 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նավթի գների կայունացմանն ուղղված քայլերը, իրավիճակը Սիրիայում և Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:
