ՌԴ ռազմական ոստիկանության առաջին հերթապահող խումբը Սիրիայի հյուսիսում է (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածության համաձայն՝ ռուս ռազմական ոստիկաններն առաջին հերթապահությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ռուսական ռազմական ոստիկանության ավտոշարասյունն անցել է Եփրատ գետը և շարժվել թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Ճանապարհին Սիրիայի բնակիչները ողջունել են ռուս ռազմական ոստիկաններին:
«Քոբանի բնակավայրում ռուս ռազմական ոստիկանները հանդիպում են ունեցել տեղի բնակավայրի ղեկավարների հետ և քննարկել են ընդունված հուշագրի կետերի իրականացումը»,- նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
ՌԴ ՊՆ-ում նշել են նաև, որ ռուսական ջոկատները կօգնեն ապահովել բնակչության անվտանգությունը, կնպաստեն կարգուկանոնի պահպանմանը, հերթապահություն կանցկացնեն նշանակված տարածքներում, ինչպես նաև կօգնեն քրդական ինքնապաշտպանական ջոկատներին իրենց զինամթերքով տեղափոխվել սահմանից 30 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
