Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Դոնալդ Թրամփին
Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Սպիտակ տանը հյուրընկալել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպման նպատակն է ցույց տալ սահուն անցումը մի վարչակազմից մյուսին, թեև Թրամփի թիմը դեռևս չի ստորագրել իշխանության փոխանցման գործընթացի մեկնարկի հետ կապված փաստաթղթերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Նա (Բայդենը) հետևում է նորմերին, հարգում է մեր (ժողովրդավարական) ինստիտուտները, հետևում է իշխանության խաղաղ փոխանցման (սկզբունքին): Սա է նորմը։ Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը
Թրամփն անցած շաբաթ ընտրություններում հաղթելուց հետո առաջին անգամ վերադարձել է Սպիտակ տուն։
«Բարի գալուստ, բարի վերադարձ», – հանդիպման սկզբում Թրամփին ասել է Բայդենը:
Նա Թրամփին խոստացել է ապահովել իշխանության սահուն անցում և անել հնարավոր ամեն բան՝ համոզվելու համար, որ Թրամփն «ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է»։
«Ամեն ինչ այնքան հարթ, որքան հնարավոր է»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը տոնել էր իր հաղթանակը հանրապետական օրենսդիրների հետ, որոնք լավ հնարավորություններ ունեն պահպանելու Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների գալուց հետո:
«Հաճելի չէ՞ հաղթել: Հաճելի է հաղթել: Միշտ հաճելի է հաղթել»,- ասել է Թրամփը։
Չորեքշաբթի ավելի վաղ Թրամփը իր Trump Force One ինքնաթիռով ժամանել էր Վաշինգթոնի Էնդրյուս ռազմաօդային բազա։
Թրամփի թիմը, որն արդեն հայտարարել է նոր վարչակազմում որոշ պաշտոնների համար թեկնածուների մասին, դեռ պետք է համաձայնագրեր ստորագրի գրասենյակային տարածքների և կառավարական սարքավորումների, ինչպես նաև պետական հաստատությունների և տեղեկատվության հասանելիության վերաբերյալ, ասվում է Սպիտակ տանը:
«Թրամփի և Վանսի անցումային թիմի իրավաբանները շարունակում են կառուցողականորեն համագործակցել Բայդենի և Հարիսի վարչակազմի իրավաբանների հետ՝ նախագահական անցումային ակտով նախատեսված բոլոր համաձայնագրերի վերաբերյալ», – ասվում է Թրամփի անցումային թիմի խոսնակ Բրայան Վենսի հայտարարության մեջ:
