Որ դեպքերում են պատվաստումները հակացուցված
Պատվաստումից առաջ երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի, գրում է armvaccine.am-ը։
Պատվաստման միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Պատվաստանյութերի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ` ծանր ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի և կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) նախորդ պատվաստումից հետո:
Բացարձակ հակացուցումից բացի, կան նաև ժամանակավոր հակացուցումներ, որոնք են․
ա.Կապույտ հազի բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութերի համար` էնցեֆալոպաթիա (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավել տևող ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո` 7 օրվա ընթացքում:
բ.Սուր սոմատիկ հիվանդություններ, միջին և ծանր ընթացքով:
գ.Ձեռքբերովի իմունադեֆիցիտներ (ՁԻԱՀ, իմունադեֆիցիտներ՝ պայմանավորված օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ կորտիկոստերոիդներով` 2 շաբաթ և ավելի տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն):
դ. Բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտ վիճակներ՝ հաստատված լաբորատոր և կլինիկական հետազոտություններով, կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ՕՊՊ, ԿԿԽ, ԿԿ, տուլարեմիա) համար:
ե.Բոլոր պատվաստանյութերի համար` սուր վարակիչ հիվանդություններ և քրոնիկ հիվանդությունների սրացում:
զ.Հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին:
Առողջական վիճակի հետ կապված հակացուցումների առկայության դեպքում պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո:
