Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին:
«ՀՀ սահմանադրությունում գրված է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների միջոցով, ու իշխանությունը ժողովրդին է պատկանում անօտարելի ձևով: Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն», – ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդը պետական հասկացություն է, ազգը՝ էթնիկ հասկացություն:
Նա նաեւ հարց է հնչեցրել, էթե մենք այս տարածաշրջանում ապրելու մեր հնարավորությունն ու տեսլականը տեսնում ենք հետևյալ կերպ, որ մենք այստեղ կարող ենք ապրել միայն կամ հիմնականում որևէ արտաքին ուժի աջակցությա՞մբ, թե՞ մենք այս տարածաշրջանում կարող ենք ապրել նաև ինքնուրույն, եւ ընդգծել է, որ պետք է պատասխան տալ այդ հարցին:
«Ո՞րն է երկու մոդելի տարբերությունը. առաջին մոդելն այն է, որ մենք ապրում ենք մի տանը, որի շուրջ կան էլի ուրիշ տներ ու այդ ուրիշ տների հետ մեր հարաբերություններն, ըստ էության, այնպիսին են, որ մենք, առանց ոստիկանության կամ այլ ուժերի ներկայությամբ այստեղ չենք կարող ապրել, որովհետև մենք ունենք կոնֆլիկտներ ու դրանք, ըստ էության, անլուծելի են: Կա երկրորդ մոդելը. այնուամենայնիվ, մենք որոշում ենք, որ մենք պետք է հարաբերությունները կարգավորենք այնպես մեր կողքի տների հետ, որ մենք այդտեղ անցնել-դառնալիս, հյուր հրավիրելիս անընդհատ պրոբլեմների ու կենսական սպառնալիքների ներքո չլինենք»,- ասել է Փաշինյանը:
Նա ամփոփելով նշել է, որ ազգային գաղափարախոսության վերնագիրը պետք փոխել ու դարձնել պետական գաղափարախոսություն:
