Ոչխար պահեք, կառավարությունը ձեզ կօգնի

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Հայաստանում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը: Նիստում հարցը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել, որ այս ոլորտը համարվում է բարձր ներուժ ունեցող ոլորտներից մեկը և միջազգային գներն ու ոլորտում տիրող վիճակը հուշում են, որ այդ ներուժը կարելի է նյութականացնել մոտակա տարիների ընթացքում: Ինչպես եւ հասկանալի է, երբ ժամանակին Փաշինյանն ասում էր «ոչխար պահեք», մի բան գիտեր ու հիմա ձեռնամուխ է եղել այդ կարգախոսի իրականացմանը։ Այսպիսով կառավարությունը հայտարարեց, որ կօգնի բոլոր նրանց, ովքեր ոչխար են ուզում պահել ու այծ։ Ավելին, կառավարությունը պետական միջոցներով ձեռք է բերելու երեսուն հազար գլուխ ոչխար, այն էլ ինչպիսի՝ տոհմային, ազնվական ծագմամբ։ Առաջիկայում էլ, որպեսզի ժողովրդի սրտի թոքերի ու երիկամների վարչապետի խոսքը գետնին չմնա, կստեղծվեն երկու ոչխարաբուծական ֆերմաներ։ Կապահովվեն նաեւ լիարժեք ու ռոմանտիկ բազմացման պայմանները, որպեսզի ոչխարը տեղում արտադրվի ու վերարտադրվի եւ էլ դրսից չգնեն։
